Belthy-ն Startup Club-ի շրջանակներում մի քանի պատանիների ստեղծած առողջապահական հարթակ է, որը կօգնի ձեզ լինել առողջ և նպատակ ունի լուծել ինքնաբուժության ու համացանցի ոչ վստահելի աղբյուրներից բուժումներ գտնելու խնդիրը։
Belthy առողջապահական կոնսուլն ուղեցույց է, որը մարդուն օգնում է նախապես կարծիք կազմել իր առողջական վիճակի մասին, ստանալ օգտակար խորհուրդներ, ինչպես նաև ուղեկցում է մարդուն հիվանդության ողջ ընթացքում։
Թիմի անդամները հիմնականում հանդիսանում են ստարտափ ակումբների պատանի ուսանողներ՝ Աշտարակից և Ապարանից:
«Մենք ստարտափ ակումբի շրջանակներում սովորել ենք գաղափարից բիզնես ուղին և փորձել գեներացնել մեր սեփական ստարտափ գաղափարները: Ստարտափն առողջապահական ոլորտի է, որն էլ հենց տրամադրեց մասնակիցներին համախմբվել նույն գաղափարի շուրջ: Անդամներից/հիմնադիրներից երեքը՝ Գայանեն, Անդրանիկը, Արմենը, առաջին կուրսի ուսանողներ են՝ Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, իսկ մնացյալ երկուսը՝ Վանանդը և Գեորգին, դպրոցականներ են: Բոլորն էլ նաև այլ նախագծերի հեղինակներ են և շատ ակտիվ են կամավորական ոլորտում»,- պատմում է ստարտափ թիմի անդամ Գայանե Հարությունյանը։
«Ստարտափի գաղափարն առաջացել է Ստարտափ ակումբում սովորելու շրջանում, երբ ստարտափի իդեա էինք փնտրում։ Անընդհատ պտտվում էինք առողջապահության շուրջ ու այդպես ստացվեց։ Սկզբնական շրջանում մշակել ենք Ստարտափ ակումբի դասընթացի շրջանակներում մեր մենթոր Խաչատուրի հետ։ Ապա թիմի ընդլայնվելու հետ սկսել ենք համագործակցել առողջապահության ոլորտից մասնագետների հետ և գաղափարը բերել հնարավորինս պրակտիկ տեսքի։ Գաղափարի վրա աշխատել ենք մենք թիմով, այժմ նախագծվում է դիզայնը Թումոյի կողմից, իսկ ծրագիրն արդեն կպատվիրենք»,- պատմում է թիմի անդամ Արմեն Թադևոսյանը։
Հավելվածն իրենից ներկայացնում է յուրաքանչյուրին անհրաժեշտ առաջին բուժօգնության ուղեցույց, որը հատուկ հարմարեցված է լինելու արտակարգ իրավիճակների համար, լինելու է վիզուալ, ինչպես նաև հարմար լսելու համար։
«Ունենք նաև հնարավորություն՝ ինչպես սովորել, այնպես էլ՝ ստուգել առաջին բուժօգնության վերաբերյալ գիտելիքները, գտնել մոտակա հիվանդանոցը։ Հավելվածը թույլ կտա ծխողներին հասկանալ իրենց առողջական վիճակը, ինչպես նաև կտա որոշակի մոտիվացիա և խորհուրդներ ծխելը թողնելու համար։ Ի շնորհիվ մեր ստարտափի՝ ծերերը կամ ընդհանրապես բուժում ստացող մարդիկ կկարողանան ժամանակին օգտագործել դեղերը՝ չմոռանալով դրանց մասին։ Կան շատ այլ ֆունկցիաներ, որոնց մասին հայտնի կլինի ավելի ուշ»,- նշում է Գայանեն։
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամն օգոստոսին ամփոփել էր «Ստարտափ Ակումբ» կրթական ծրագիրը և իրականացրել էր «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» առցանց միջոցառումը, որի ընթացքում Հայաստանի մի շարք համայնքներից ստարտափներ ներկայացրել են իրենց գաղափարները։ Այս նախագծում Belthy-ն ճանաչվեց հաղթող։
Գայանեն պատմում է, որ պետք է ներկայանային ծրագրի շրջանակներում ստեղծված բոլոր թիմերը՝ իրենց ստարտափներով:
«Մենք էլ ներկայացրինք Belthy-ն և գրավեցինք առաջին հորիզոնականը՝ վաստակելով «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից ֆինանսավորում և Թումոյի կողմից անվճար բրենդինգ ու դիզայն:
Ստարտափն ուներ նախնական մշակված լոգո և կայքի պրոտոտիպ, իսկ այժմ թարմացվել է լոգոն, ինչպես նաև հավելվածի համար մշակվել է հավելվածի ժամանակակից դիզայն՝ հիմնվելով ֆունկցիոնալության վրա»։
Հիմա ընթանում են հավելվածի ստեղծման վերջնական գործողությունները, մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի, իսկ արդեն 2021 թվականի սկզբին կներկայացվի հանրության դատին:
«Մենք ունենք նաև ֆեյսբուքյան էջ, որտեղ պարբերաբար կթարմացվեն հավելվածին վերաբերող նյութերը, կտեղադրվեն բոլոր նորությունները»,- նշում են թիմի անդամները։
Սիրարփի Աղաբաբյան