Հայաստանում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Փաշինյանի առողջական վիճակի հետ կապված այլ հարցերի Գևորգյանը չպատասխանեց։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետը Սուրբ ծննդի կապակցությամբ գրառում էր արել Facebook–ի իր էջում և մեջբերել Ավետարանի հայտնի խոսքերը. «Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք»։
Հավելենք, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ քաղաքացիներն այսօր առավոտից «Չենք թույլատրելու դավաճանի մուտքը սրբավայր» կարգախոսով ակցիա էին կազմակերպել: Նրանք նախապես հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ թույլ չեն տալու, որ Փաշինյանը մուտք գործի եկեղեցի: Ավելի ուշ Գարեգին Բ կաթողիկոսը սկսեց պատարագը, իսկ Փաշինյանն այդպես էլ չեկավ։