Արցախյան պատերազմում զոհվածների թվում էին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում կամավորագրված 38 երիտասարդներ
Advertisement 1000 x 90

Արցախյան պատերազմում զոհվածների թվում էին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում կամավորագրված 38 երիտասարդներ

Հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը:

1999թ. դեկտեմբերին Երևանի Սարյան 1ա հասցեում բացվեց Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, որը համահայկական նոր ծրագրի սկիզբ դրեց: Իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվեցին ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվեց որպես Ցողունային Բջիջների Դոնորների Օր:

Հայկական Ռեեստրը Ոսկրածուծի Դոնորների Համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է և 22 ամյա գործունեության ընթացքում ռեեստրը առաջնորդվել է մեկ կարգախոսով՝ գործունության բոլոր ասպարեզներում հետևել միջազգային ստանդարտներին: 2006 թվականին ռեեստրի HLA տիպավորման լաբորատորիան ստացավ Եվրոպական Իմունոգենետիկների Ֆեդերացիայի (EFI) հավատարմագիր, որով և Հայաստան բերեց որակի հսկման միջազգային քննություններին մշտական մասնակցության մշակույթը, որը ցանկացած լաբորատորիայի որակի միակ ցուցանիշն է ամբողջ աշխարհում: Իսկ արդեն 2007 թվականին բացվեց ցողունային բջիջների հավաքման, մշակման և պահպանման բաժինը: Այսպիսով, ցողունային բջիջների հավաքումը հնարավոր եղավ իրականացնել Հայաստանում:

Այսօր ռեեստրը հպարտությամբ կարող է խոսել իր ձեrքբերումների` կամավորագրված ավելի քան 32.000 դոնորների, 35 փոխպատվաստումների մասին: Ցողունային բջիջներ են նվիրաբերել մեր հայրենակիցները Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից: Նրանց մեջ կան բուժաշխատողներ, զինվորականներ և տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում է մարդասիրությունը և մերձավորին օգնելու մեծ ցանկությունը:

Անցած տարվա ծանր օրերին համայն հայությունը կրկին ստիպված եղավ գոյատևման պայքար մղել և ցավոք կորցրեց շատ թանկ երիտասարդ կյանքեր։ Զոհվածների թվում են նաև Ռեեստրում կամավորագրված 38 երիտասարդներ, որոնք պատրաստ էին փրկել մարդկային կյանքեր ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև խաղաղ պայմաններում։  Անգնահատելի է նրանց պատրաստակամությունն ու խիզախությունը։ Այսօր, երբ պատերազմն ավարտվել է, ողջ աշխարհասփյուռ հայությունը, խոնարհվելով նրանց հիշատակի առջև, պետք է վերամիավորվի և լծվի հայ ազգի վերածննդի գործին։