«Սիրելի Թայիփ»․ Մակրոնն Էրդողանին «շատ լավ նամակ» է գրել
Advertisement 1000 x 90

«Սիրելի Թայիփ»․ Մակրոնն Էրդողանին «շատ լավ նամակ» է գրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «շատ լավ» նամակ է հղել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին, որում Անկարայի ու Փարիզի հարաբերությունները բարելավելու ցանկություն է հայտնել։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Երկու օր առաջ մենք շատ լավ ու դրական նամակ ենք ստացել Մակրոնից։ Նամակում նա հարաբերությունները զարգացնելու ու մեր նախագահի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել։ Նա նույնիսկ ձեռքով թուրքերեն ողջույնի խոսք էր գրել․ «Սիրելի Թայիփ»,- Sabah թերթը մեջբերում է Չավուշօղլուի խոսքերը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջնորդը դրական է արձագանքել ֆրանսիացի գործընկերոջ նամակին։

«Մեր նախագահն ասել է․ «Հաճույքով կհանդիպենք»։ Խոսքն առաջին հերթին տեսակապի ու հեռախոսային բանակցությունների մասին է», – ավելացրել է թուրք նախարարը։

Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Ֆրանսիայի հետ՝ չնայած որոշ հարցերում առկա լուրջ տարաձայնություններին, որոնց պատճառով երկրների միջև զգալի լարվածություն է առաջացել։

Թուրքիայի ու Ֆրանսիայի հարաբերություններում սառնություն էր առաջացել ու սկսել էր աճել, քանի որ երկրները տարաձայնություններ ունեն մի շարք կոնֆլիկտային՝ Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրական ծովի ու վերջերս արդեն Արցախի վերաբերյալ հարցերում։

Հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում՝ Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում, գլխատվել էր պատմության ուսուցիչ Սամուել Պատին։ Սպանությունը տեղի էր ունեցել այն դպրոցի մոտակայքում, որտեղ նա դասավանդում էր։ Դրանից հետո Մակրոնը հայտարարել էր, որ երկիրը չի հրաժարվի Մուհամադ մարգարեի ծաղրանկարներ հրապարակելուց։ Մի շարք մուսուլմանական երկրներում ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչեր էին սկսել հնչել։ Էրդողանը երկու երկրների հարաբերությունների սրացման ֆոնին կոչ էր արել Թուրքիայի բնակիչներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներից։

Էրդողանը նույնիսկ կասկածի տակ էր դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունն այն բանից հետո, երբ նա խոսել էր «լուսավոր իսլամի» կառուցման անհրաժեշտության մասին։ Փարիզն Անկարայից հետ էր կանչել իր դեսպանին խորհրդատվությունների համար։ Էրդողանը մեղադրել էր ֆրանսիացի գործընկերոջն իսլամի դեմ «ատելության քարոզչություն» կազմակերպելու մեջ։ Դեկտեմբերի սկզբին Էրդողանը հույս էր հայտնել, որ Ֆրանսիան «հնարավորինս արագ կազատվի» Մակրոնից, նաև բազմիցս վիրավորանքներ էր հնչեցրել նրա հասցեին։

armeniasputnik.am



Նման նյութեր