Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան) ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք Նարինե Թուխիկյանին աշխատանքից ազատելը կապ ունի երեկ Նկարիչների միությունում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ քաղաքացին վիրավորել էր իշխանությանը, ինչին ի պատասխան` Թուխիկյանը միայն լռել էր, Կամավոսյանն ասաց․ «Չեմ կարծում, որովհետև դիմումը վաղուց գրված կար։ Լրատվականներից մեկի հետ զրույցում նույնիսկ տիկին Թուխիկյանն ասել էր, որ հրաժարականի դիմումը գրել է, բայց խնդրել է որոշ ժամանակ մնալ որոշ ծրագրեր ավարտին հասցնել, նոր հեռանալ»,- նշեց նա։
Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում իրադարձությունների հաջորդականությունն այլ բանի մասին է վկայում, Կամավոսյանն ասաց․ «Կարծում եմ՝ կապ գտնելը ճիշտ չէ, որովհետև ինքը վաղուց էր դիմումը գրել և ամեն րոպե հնարավոր էր, որ այն ստորագրվեր վարչապետի կողմից»,- ասաց Կամավոսյանը։
Մենք նույն հարցերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից․ «Ես տեղյակ չեմ, ենթադրում եմ՝ իր դիմումի համաձայն է ազատվել։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ՝ ինչ միջոցառում և դեպք է տեղի ունեցել, դրա համար նմանատիպ հարցերն ուղղեք տիկին Թուխիկյանին։ Ես կարող եմ խորհրդակցության լինել և չիմանալ տիկին Թուխիկյանն անձամբ է դիմում գրել, թե ինչ-որ մեկն է նրա փոխարեն գրել»,- նշեց վարչապետի խոսնակը։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Նարինե Թուխիկյանից, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։