Կորոնավիրուսով վարակված շատ պացիենտների մոտ հիվանդության ախտանիշները սկսվում են թուլանալ սուր փուլից հետո մի քանի օր կամ շաբաթ անց: Այս մասին վկայում են Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալները:
Express-ի հաղորդմամբ՝ տարբեր մարդկանց տարբեր ժամանակ է պահանջվում կորոնավիրուսից բուժվելու համար: Վարակվածներից շատերը լիովին ապաքինվում են 12 շաբաթվա ընթացքում:
Սակայն որոշ դեպքերում վարակի ախտանիշները կարող են տեւել մի քիչ երկար: Այդ երեւույթը հայտնի է որպես երկարատեւ կորոնավիրուս:
Մասնագետների խոսքով՝ երկարաժամկետ ախտանիշների հայտնվելու հավանականությունը կապված չէ ախտանիշների ծանրության հետ: Շատերը, որոնց մոտ թեթեւ ախտանիշներ են եղել, մինչ օրս բողոքում են երկարաժամկետ խնդիրներից:
Երկարատեւ կորոնավիրուսի ընդհանուր ախտանիշները տարբեր են եւ ներառում են ուժեղ թուլություն, հիշողության եւ ուշադրության հետ կապված խնդիրներ, անքնություն, հաճախասրտություն, հոդացավ, դեպրեսիա, որովայնի ցավ եւ այլն:
Եթե վարակումից հետո 4 շաբաթ անց կամ ավելի դուք անհանգստացնող բացասական ախտանիշներ եք զգում, ապա NHS-ի մասնագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել թերապեւտի հետ: