Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է իրաքյան բանակի հետ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ համատեղ գործողություն անցկացնել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար շրջանում։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Խուլուսի Աքարն Իրաք կատարած այցի ժամանակ կողմ էր արտահայտվել Բաղդադի ու Էրբիլի համատեղ պայքարին Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ։
«Մենք պատրաստ ենք համատեղ (Իրաքի հետ) գործողություն իրականացնել Սինջարում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նման բաների մասին նախապես չեն խոսում», – ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։
Նա ավելացրել է, որ թուրքական բանակը «կարող է մի գիշեր գնալ այնտեղ»։ Նա օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։
Թուրքական կողմի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսին Թուրքիայի ու ՔԱԿ-ի զինված հակամարտության վերսկսելուց հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մոտ հազար զինվորական ու ոստիկան է մահացել, նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային ու ցամաքային գործողություններ է անցկացնում՝ հինգ տարվա ընթացքում չեզոքացնելով ավելի քան 10 հազար ՔԱԿ անդամ։