Ազիտրոմիցինը եւ դոքսիցիկլինն այսօր լայնորեն կիրառվում են շնչառական օրգաններում բորբոքիչ պրոցեսների ժամանակ: Այդ դեղամիջոցները նաեւ ներառված են COVID-19-ի բուժման հարցով միջազգային մի շարք խորհուրդներում: Սակայն հետազոտություններում այդ երկու հակաբիոտիկները հերթական անգամ չեն հաստատել իրենց արդյունավետությունը:
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, Օքսֆորդի համալսարանը Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ PRINCIPLE-ի կլինիկական փորձարկումներ է անցկացրել, որի ընթացքում գնահատվել է կորոնավիրուսով վարակված ամբուլատոր պացիենտների համար վերոնշյալ հակաբիոտիկների արդյունավետությունը:
Ազիտրոմիցինի խմբում 526 մարդ հակաբիոտիկ է ընդունել 500 գր չափաբաժնով 3 օրվա ընթացքում: Վերահսկիչ խմբում 862 մասնակից ստացել է ստանդարտ բուժում: Սակայն շուտով ազիտրոմիցինի փորձարկումները դադարեցվել են, քանի որ այն անարդյունավետ է եղել՝ համեմատած այլ դեղամիջոցների հետ:
Հետազոտությունից 28 օր անց այդ տվյալները հաստատվել են: Գիտնականները նաեւ նկատել են, որ ազիտրոմիցինը չի նվազեցրել կորոնավիրուսի ծանր ընթացքի զարգացման եւ մահացության ռիսկը:
Նման արդյունքներ են գիտնականները ստացել դոքսիցիկլինի փորձարկումների ժամանակ: Հակաբիոտիկի խմբում 798 մասնակից ստացել է 200-ական մգ առաջին օրը, ապա 100 մգ 6 օրվա ընթացքում: Վերահսկիչ խմբից եւս 994 կամավոր ստացել է ստանդարտ բուժում: Հակաբիոտիկի չափից ցածր արդյունավետության պատճառով հետազոտությունը եւս ժամանակավոր դադարեցվել է: Դոքսիցիկլինը նվազեցրել է ապաքինման շրջանը առնվազն մեկ օրով եւ նվազեցրել հոսպիտալացման ռիսկը ընդամենը 2 տոկոսով:
Ինչպես նշել է Ռիչարդ Հոբբսը՝ կլինիկական փորձարկումների ղեկավարներից մեկը, այդ տվյալները, իհարկե, հիասթափեցնում են, սակայն հնարավորություն են տալիս հրաժարվել կորոնավիրուսի բուժման ժամանակ անօգուտ հակաբիոտիկների օգտագործումից: