Եթե դու տալիս ես Մեղրիի միջանցքը, դրանով քո ձեռքով իրենց հնարավորություն ես տալիս Հայաստանը շրջանցելու. Գագիկ Աղաջանյան
Advertisement 1000 x 90

Եթե դու տալիս ես Մեղրիի միջանցքը, դրանով քո ձեռքով իրենց հնարավորություն ես տալիս Հայաստանը շրջանցելու. Գագիկ Աղաջանյան

Կարող են լինել խորհրդակցություններ, բայց ոչ մի կոնկրետ գործողություն, պրակտիկ քայլ ճանապարհների ապաշրջափակման, վերաբացման կամ նորերի կառուցման ուղղությամբ չի կարող լինել, քանի դեռ ռազմագերիների վերադարձի հարցը չի լուծվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը:

«Չի կարող լինել տնտեսական համգործակցություն, երբ այդպիսի զգայուն հարցում, ինչպիսին է գերիների կամ աջյունների վերադարձը, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ճանապարհների ընդհանրապես ճանապարհների ապաշրջափակմանը եւ դրա հետ կապված մտահոգություններին, Աղաջանյանն ասաց. «Առաջին հայացքից թվում է, որ ի՞նչ վատ բան կա ճանապարհ բացվելու մեջ, բայց մեր դեպքում ես կողմ եմ, որ ամեն մի ճանապարհ կոնկրետ դիտարկվի, քննարկվի դրա վերագործարկման նպատակահարմարությունը, նրա դերը, նշանակությունը մեր տնտեսության մեջ: Ասել, որ դե ճանապարհ բացվելը բոլորի համար լավ է, ես չեմ կիսում այդ տեսակետը: Օրինակ, ճանապարհ կա, որը մեզ տանում է վերջնական ճանապարհային մեկուսացման»:

Գագիկ Աղաջանյանը վաղաժամ համարեց այսօր քննարկել Հորադիզ-Մեղրի-Նախիջեւան-Երեւան հաղորդակցության մասին խոսելը. «Դա վերջին թեման է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափաման առումով եւ մեզ համար անթույլատրելի է դա քննարկելը: Եթե խոսքը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին է, ապա մենք այսօր ունենք կոմունիկացիաներ, որոնք հենց այսօր կարող են շահագործվել, ինչու դա թողած խոսում են նոր ճանապարհների կառուցման մասին: Այսինքն Հորադիզից մինչեւ Հայաստանի սահման ճանապարհը չի վերականգնվում, այլ կառուցվելու է նոր ճանապարհ: Եթե մենք տալիս ենք Մեղրիի երկաթուղին, իրենց կողմից շահագործման համար, ապա դա մեր շահերին հակասում է»,-ասաց նա՝ նկատելով, որ մինչեւ Հայաստանի շրջափակումը Հայաստանի ճանապարհների խաչմերուկ էր, բոլոր երկրներն իրար հետ կապվում էին Հայաստանի տարածքով:

«Իսկ այս 30 տարվա ընթացքում կառուցվեց Աստարա-Կաղզվին եւ Կարս-Ախալքարալ ճանապարհները, որոնք Հայաստանը շրջանցեցին արեւելքում եւ արեւմուտքից. «Միակ հատվածը, որ Հայաստանը չի շրջանցվել, դա հարավն է: Եթե դու տալիս ես Մեղրիի միջանցքը, դրանով դու քո ձեռքով իրենց հնարավորություն ես տալիս Հայաստանը շրջանցելու: Մենք ի՞նչ ենք շահելու դրանից, երբ նրանց այդպիսի ճանապարհ ենք տալիս: Բացարձակ ոչինչ չենք շահում»,- ասաց նա:

Գագիկ Աղաջանյանը հավելեց, որ Հայաստանի Ռուսաստան հանսնելու համար Աղստաֆայով անցնող երկաթուղին գոյություն ունի, որի թողունակությունը շատ բարձր է, բայց մեզ առաջարկում են դեպի հյուսիս՝ Ռուսաստան գնալու համար անցնել դեպի հարավ գնացող ճանապարհով, որը շատ ավելի երկար է ու ճանապարհն էլ նոր պետք է կառուցվի:

news.am



Նման նյութեր