Համավարակային իրավիճակի վատթարացման պատճառով Չեխիայի իշխանությունները հետևել են եվրոպական մի շարք երկրների օրինակին և հունվարի 30-ից արգելել են արտասահմանցիների մուտքը երկիր: Բացառություն է արվել միայն այն քաղաքացիների համար, որոնք սովորում, աշխատում են Չեխիայում կամ երկրում ապրելու թույլտվություն ունեն: «Կառավարությունը հունվարի 30-ից մինչև փետրվարի 14-ը արգելում է արտասահմանցիների մուտքը Չեխիայի Հանրապետություն»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Չեխիայում համավարակային իրավիճակի որոշակի բարելավումից հետո հունվարի առաջին կեսին կրկին աճել է վարակակիրների և հոսպիտալացվածների թիվը:
Ներկայում Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 96 969 է, որից 5856-ը հոսպիտալացված: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 7973-ով: Համավարակի տարածման ընթացքում Չեխիայում վարակվել է 972,6 հազար մարդ, առողջացել է 859,6 հազարը, մահացել՝ 16 072-ը: