Լնդերի արնահոսության պատճառը կարող է կապված լինել С վիտամինի պակասի հետ, պնդում են Վաշինգտոնյան համալսարանի մասնագետները:
Նշված մասնագետները վերլուծել են 15 կլինիկական հետազոտություններ, որոնք անցկացվել են 6 երկրներում՝ 1140 մարդու մասնակցությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ 8210 բնակիչների տվյալները:
Պարզվել է, որ շոշափելու դեպքում լնդերի արնահոսությունը կամ հակվածությունը լնդերի արնահոսությանն ընդհանրապես, ինչպես նաեւ աչքերի մեջ արյան զեղումները կապված են արյան մեջ С վիտամինի ցածր մակարդակի հետ: Հետազոտողները հայտնաբերել են, որ С վիտամինի օրական գործածման մեծացումը այս վիտամինի ցածր մակարդակով մարդկանց օգնել է հաղթահարել նկարագրված խնդիրները:
Գիտնականների խոսքով՝ թե՛ լնդերի արնահոսությունը, թե՛ աչքերի մեջ արյան զեղումները միկրոանոթային համակարգի հետ կապված ընդհանուր խնդիրների եւ ուղեղում, սրտում ու երիկամներում միկրոանոթային արնահոսություններին հակվածության նշաններ են: Մասնագետները նաեւ վստահ են, որ C վիտամինի գործածման հանձնարարականները, որոնք մշակված են առաջին հերթին լնդախտից պաշտպանելու համար, չափազանց ցածր դեղաչափերի են դիմում:
Գիտնականները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել վիտամինային հավելումների վրա՝ օրական С վիտամինի 100-ից մինչեւ 200 միլիգրամ գործածելու հաշվարկով: Եթե մարդը հատուկ սննդակարգի է հետեւում, ինչպես, օրինակ, պալեոսննդակարգի, չափազանց կարեւոր է հետեւել С վիտամինի գործածմանը, քանի որ այս վիտամինով հարուստ մրգերը սննդակարգից սովորաբար բացառվում են որպես շատ շաքար պարունակող: