Նիկոլի 80+ ուսապարկերը հերթական օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, ինչը ոչ այլ ինչ է, քան պատերազմ հայտարարել մեդիային։ Օրենսդրական նախաձեռնությունը բազմաթիվ խնդրահարույց դրվագներ ունի, բայց առավել ուշագրավն այն է, որ այդ նախաձեռնությամբ փորձ է արվում արգելել անանուն աղբյուրներին հղում անելը և պահանջ է ներկայացվում տվյալ մեդիա հարթակում զետեղված ունենալ տվյալ ԶԼՄ-ի ֆինանսական հաշվետվությունը։
Հարկ է նշել, որ 2010 թվականից հետո Հայաստանում աննախադեպ թափ հավաքած էլեկտրոնային լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը ստեղծեցին նոր իրականություն, որի դեմն առնելու փորձեր անում էին նաև նախկին իշխանությունները։ Պետք է նաև խոստովանել, որ նախկինները շատ ավելի խոհեմ ու ռացիոնալ էին, և նրանց հնարավոր էր լինում բացատրել, որ իրենց ցանկացած օրենսդրական նախաձեռնություն հոնքն ուղղելու փոխարեն աչք է հանելու։ Նիկոլի ուսապարկերի պարագայում ավելորդ է նման ակնկալիք ունենալ, որովհետև նրանք չեն կարող ունենալ խոհեմություն, ռացիոնալություն և հեռատեսություն։ Նրանք ունեն միայն հանձնարարականներ և դրանց կատարման համար տրվող պարգևավճարներ։ Նշածս երկու կետերի օրինակով քննարկենք Նիկոլի բարդույթներն ու քմահաճույքները։ Պետք է հասկանաք, որ Նիկոլի երևակայության մեջ մեդիա ասվածն իր «Հայկական ժամանակն» է։ Նա ուզում է բացառել այն ռիսկը, որ իրեն ոչ հպատակ լրատվականները կարող են իր իշխանություն հետ անել այն, ինչ անում էր ՀԺ-ն, և նրան թվում է, թե ՀԺ-ի խոցելի կետերն ունիվերսալ են և ընդհանուր են բոլոր ԶԼՄ-ների համար։ Օրինակ՝ ֆինանսական հաշվետվությունը կայքերում զետեղելու պահանջը։
Նիկոլին դժվար է հասկանալ ու հավատալ, որ լրատվական դաշտի ոչ բոլոր խաղացողներն ունեին իր, այսպես ասած, գործելաոճը։ Նա դժվար է պատկերացնում, թե ինչպես կարող է ԶԼՄ-ն հոգալ իր ծախսերը, եթե տվյալ ԶԼՄ-ի «Նիկոլը» շանտաժի ու քծնանքի միջոցով չհամոզի, որ, օրինակ, Միքայել Մինասյանը գնի թերթի ողջ տիրաժը, Բեգլարյան Գագիկը 10000 դոլար միանվագ չվճարի ինչ-որ հոդված չհրապարակելու համար, Խաչատուր Սուքիասյանը սև կասսա չապահովի։ Դժվար է պատկերացնում, որովհետև գիտի, որ ՀԺ-ի կայքն իր այցելությունների ու էլեկտրոնային գովազդի հաշվին երբեք չէր կարող գեներացնել այնքան եկամուտ, որ Նիկոլը հա՛մ իր ուսապարկ դարձած լրագրողներին ռոճիկ տա, հա՛մ տարածքի վարձակալության ծախսերը հոգա, հա՛մ իր նաֆարին պահի, համ էլ իր ու Աննայի գաստրոնոմիկ պահանջմունքները բավարարի։ Իրականում ֆինանսական հաշվետվություն կայքում զետեղելը նորմալ լրատվամիջոցի համար ուղղակի տեխնիկական գլխացավանք է, իսկ այդ գործիքը՝ զուտ ձևականություն։ Միևնույն է, այն ոչ ոքի առանձնապես հետաքրքիր ու հասկանալի չի լինելու, ում էլ հետաքրքիր ու հասկանալի է (կարդա՝ իշխանություններին), այդ տվյալների հասնելիություն ունեն ՊԵԿ-ի միջոցով։ Առավել ևս, որ այն տարին մեկ անգամ պետք է թարմացվի։
Մյուս կետն ավելի ուշագրավ է ու իլյուստրացնում է այն լկտի բռիությունը, որ ընկած է այս օրենսդրական նախաձեռնության հիմքում։ Մեզ ասում են, որ անանուն աղբյուրների վրա հղում անելը պետք է բացառեն։ Այսինքն՝ ապօրինի պետք է դառնա այն, ինչ անում էր Նիկոլն իր «ըստ օդում կախված» զառանցանքների։ Ապօրինի պետք է դառնա այն, որ ՀԺ-ն 2014 թվականին գրել էր, որ, ըստ իրենց աղբյուրների, Հայաստան են ներթափանցել աֆղանցի թալիբներ։ Էլ ավելի անհասկանալի է, թե ինչ տարածում է ունենալու այս սահմանափակումը։ Օրինակ՝ յութուբյան ալիքների վրա այս սահմանափակումը տարածվելո՞ւ է։ Համաձայնվեք, որ ավելի հավանական է թվում, որ այս սահմանափակումը կտարածվի BlogNews.am-ի, Тert.am-ի, 168.am-ի, Aravot.am-ի և մեդիա դաշտի այլ դերակատարների վրա, բայց չի տարածվի նիկոլահաճո օրակագ գեներացնող և, օրինակ, Շուշան Պետրոսյանի տանը իր ոսկեղենը պահող Ռիտա Սարգսյանի մասին պատմող Շավարշ Սարուխանյանի 8rd News, NVA Daily և այլ անվանումներով յութուբյան աղբանոցների վրա, չի տարածվի ՊՈԱԿ-ի կուրացիայի տակ գործող PerfectTV-ի վրա, որը նախանձելի համառությամբ պատմում է մեզ, որ Թրամփը, Էրդողանը, Ալիևը, Պուտինն ու Դալայ Լաման չոքել են Նիկոլի առաջ (գրեթե բառացի մեջբերումներ են տվյալ ալիքի գլխագրերից)։
Հարգելի ընթերցող, Արծրունին կարոտե՞լ եք։ Լավ լուր ունեմ, եթե կարոտել եք. այս օրինագծի ընդունման դեպքում մեզ ստիպելու են, որ մենակ արծրունիզմ հանդիսացող միայն պաշտոնական աղբյուրներ պարունակող լրատվություն հրամցնենք ձեզ, որովհետև հակառակի դեպքում մեզ կտուգանեն կամ էլ կազատազրկեն։ Պրիմիտիվ, ցինիկ ու լկտի քայլ է, բայց արդյունավետ։ Այսպես կարելի է անասելի դժվարացնել տալ լուր, որ, օրինակ, «սգի մեջ կորած» Աննա Հակոբյանը մասնավոր այցով գնում է Մոսկվա ու գերթանկարժեք ռեստորաններով Ամանոր նշում։ Այնպես որ, կորչի՛ մեդիան, կեցցե՛ն Արծրունն ու PerfectTV-ն։ Համենայն դեպս, Նիկոլին այդպես է թվում։