Երևանում փետրվարի 5-ին գործարկված թիվ 26 երթուղու և հետագայում շահագործվելիք ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Երևանի ձեռք բերած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն սկսել է աշխատանքը:
Հաղորդագրության մեջ նշված է. «26 համարի երթուղին, որն Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշին, որոշակիորեն կթեթևացնի բնակիչների հոգսը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, իսկ նոր երթուղիների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Մի քանի նկատառում ուղևորների համար.
- պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ,
- ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով,
- վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:
«Տրանսպորտի ռեֆորմը բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար», – ասել է Երևանի քաղաքապետը»: