Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից պետք չէ որևէ պատասխան սպասել: Tert.am-ի հետ զրույցում Կարեն Վրթանեսյանն ասաց, որ Վաղարշակ Հարությունյանին պետք է դիտարկել որպես հերթական «ուսապարկ», խայտառակված գործիչ:
-Պարո՛ն Վրթանեսյան, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը չի ներկայացնում բանակին առնչվող, հասարակությանը հուզող հարցերի պատասխանները: Խուսափում է խոսել անվտանգության հարցերից, գերիներից, բանակը վարկաբեկող հայտարարություններից: Նրա վարքագծի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:
-Վաղարշակ Հարությունյանի արարքները պետք չէ քննարկել, այդ մարդը որևէ լուրջ բան չի անում, չի էլ կարող անել: Բավական է հիշել, որ համակարգից խայտառակ ձևով էր հեռացվել, կոչումազրկվել էր նույնիսկ, կոչումը վերականգնեցին միայն Նիկոլ Փաշինյանի ժամանակ ու պարզ չէ, թե ինչու վերականգնեցին: Այսօր Վաղարշակ Հարությունյանը ի՞նչ կարող է անել Պաշտպանության նախարարությունում, շատ մեծ հարց է, որովհետև նա հեղինակազրկված, խայտառակված գործիչ է, ուժային կառույցներում նրան ոչ ոք չի հարգում և, եթե խոսենք հենց փաշինյանականների տերմիներով, հերթական «ուսապարկն» է, որին այդ պաշտոնում դրել են, որ աթոռը զբաղված լինի, պատահաբար ուրիշ մարդ չգա, մտածի ազատ է, նստի: Այսքանը, ինձ թվում է՝ Վաղարշակ Հարությունյանի արարքները լուրջ քննարկելը լուրջ չէ:
– Կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը և Վաղարշակ Հարությունյանը համաձայնել են կազմալուծել ԱՀ ՊԲ-ն:
-Այդ տեղեկությունները հերքում են. ասում են՝ ՊԲ-ն չի կազմալուծվում, հետո էլ բայցեր են ներկայացնում, ասում են՝ լինելու է լրիվ պրոֆեսիոնալ բանակ, ստացվում է՝ ժամկետային զինծառայողներ այլևս չեն լինելու, ինչպես է համալրվելու, ներկա պահին անհասկանալի է: Խոսակցություն կա ծառայության ժամկետներ կրճատելու մասին և այլն: Եթե նայում ենք՝ ինչ է կատարվում, ՊԲ-ի կրճատումը անխուսափելի է: Գուցե մնա ՊԲ անվանումը, բայց լավագույն դեպքում լինելու են ոստիկանության ուժեր, այսօր նաև ՀՀ ԶՈՒ-ն է, ըստ էության, կանգնած կրճատման առաջ: Ռազմական ամբողջ ենթակառուցվածքը, որը պետք է վերականգնվի՝ սկսած զորամասերից, նոր դիրքերի ամրաշինական աշխատանքներից, գրեթե որևէ բան չի արվում, հաստատ ոչ այն ծավալով է արվում, որով հիմա պետք է արվեր ՀՀ-ն պաշտպանելու համար:
ՀՀ-ն այսօր անպաշտպանն է. մեր հույսը ռուսական զինված ուժերի ներկայության քաղաքական գործոնն է, որովհետև իրենց եղած քանակով չեն կարող ՀՀ-ն պաշտպանել: Բայց արդյոք մենք կարող ենք հույս դնել միայն այդ քաղաքական գործոնի վրա: Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ-ն թողնել անպաշտպան, անվտանգությունը ապահովելու բեռը ինչ-որ մեկի վրա գցեն ՝ ընդ որում այսօր ՌԴ-ն է, վաղը կարող է լինել անգամ Թուրքիան:
Ամբողջությամբ՝ tert.am