Նոր կենտրոն զինհաշմանդամների համար. մեկնարկում են «Վերականգնողական քաղաքի» շինաշխատանքները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Նոր կենտրոն զինհաշմանդամների համար. մեկնարկում են «Վերականգնողական քաղաքի» շինաշխատանքները. armeniasputnik.am

2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած արցախա-ադրբեջանական պատերազմը պատճառ դարձավ, որ «Հերոսների վերականգնողական քաղաքի» հիմնադիրը կյանքի կոչի դեռևս 2016-ի ապրիլյանի օրերին ծնված գաղափարը։ Քառօրյա պատերազմում լրագրողի կարգավիճակով ռազմաճակատում գտնվող Սուրեն Արեենցը հասկացավ, որ զինհաշմանդամների վերականգնողական աշխատանքներով զբաղվող նոր կենտրոններ հիմնելը հետայսու օդ ու ջրի պես անհրաժեշտ է։

Պռոշյան գյուղում նվեր ստացած մոտ 6000 քառ. մետր տարածքում 10 օրից կմեկնարկեն այգու կառուցապատման աշխատանքները, որին կհաջորդի հոգեբանական ծառայությունների մատուցման փոքրիկ շինությունների տեղադրումը։

«Այդտեղ տղաները ստանալու են հոգեբանական աջակցություն, դրանից հետո անցնելու են վերականգնողական բուժման»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մինչ այդ կենտրոնի ապագա աշխատակիցներն ու հոգեբան-մասնագետները վերապատրաստման դասընթացներ են անցնում, զինվորական հոգեբանություն ուսումնասիրում Արցախում գտնվող «Քոքսի», Հայաստանում գործող մի շարք հոգեբանական կենտրոններում

«Մասնագետներն արդեն սկսել են վերապրոֆիլավորել և պրակտիկա անցնել, որ նեղ մասնագիտական ծառայություններ մատուցենք. մենք եկել ենք թողունակությունը բարձրացնելու, որակական նոր չափանիշներ բերելու և նոր մասնագետներ վերապատրաստելու նպատակով»,-նշեց Արեենցը։

Հոգեբանական աջակցությանն ու վերականգնողական բուժմանը զուգահեռ զինհաշմանդամները հնարավորություն կունենան արհեստ սովորել, իրենց սիրելի աշխատանքով զբաղվել։

Կենտրոնի շահագործումից հետո հոգեբանները օրական միջինում 30-40 զինվորի հետ աշխատելու հնարավորություն կունենան, իսկ վերականգնողական կենտրոնում միաժամանակ 100 զինհաշմանդամ ամբուլատոր, մոտ 50-ը՝ ընթացիկ բուժում կստանան։

Նշենք, որ վերականգնողական կենտրոնը կոչվելու է ազգային հերոս Վահագն Ասատրյանի, իսկ պուրակը՝ Վարդան Ամալյանի անուններով։

armeniasputnik.am