«Հայք» խմբի 2006 թ. «Քամի փչի» երգը, որը կարճ ժամանակում իսկական հիթ դարձավ, շուտով հանդիսատեսին կներկայացվի նորովի: Խմբի անդամ Նարեկ Պետրոսյանը («Մեծ Հայքի» Նարեկը) ստեղծագործության 10-ամյակի կապակցությամբ որոշել է նոր շունչ հաղորդել դրան: Դեկտեմբերի 21-ին Յութուբում կհայտնվի տեսահոլովակը, որում երգն իրենց մոտեցմամբ կներկայացնեն Արամեն, Գևորգ Մարտիրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Արամ MP3-ը, Գրիշա Աղախանյանը, Հրանտոն, Նարեկ Պետրոսյանը, Անի Քրիստին և Սոնա Ռուբենյանը: Armtimes.com-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Նարեկը նշեց, որ ակնկալում է դրական արձագանքներ լսել հանդիսատեսի կողմից:
«Կուզենանք, որ նոր ալիք բարձրանա, բայց առաջնային խնդիրը դա չէ, ուղղակի նոստալգիա է: Երգը միայն մերը չէ, բոլորինն է: Շատ մարդիկ այս երգի հետ շատ հետաքրքիր բաներ կհիշեն: Չեմ կարող ասել՝ ավելի լավ է ստացվել, կամ ավելի վատն է, բայց հաստատ լավ տարբերակ է, նոր մոտեցում է: Մինչև ձայնագրվելը երգիչների առաջ խնդիր էի դրել, որ երգեն ոչ թե այնպես, ինչպես լսել են, այլ այնպես, ինչպես իրենք են պատկերացնում: Շատ հետաքրքիր բան է ստացվել: Ինձ թվում է՝ պետք է դուր գա»,- ասաց նա:
Ինչպես երևում է, «Հայք» խմբի միայն երկու անդամ են մասնակցում Նարեկի նախագծին՝ ինքը Նարեկը և Հրանտոն: Նարեկը նշում է, որ բոլորին առաջարկել է, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք հրաժարվել են:
«Ինչպես խմբի անդամներին, այնպես էլ մնացած երգիչներին զանգել առաջարկել եմ: Ով ցանկացել է, եկել մասնակցել է: Խնդիրն այն չէր, որ խմբի անդամները նորից միավորվեին: Խնդիրն այն էր, որ երգը նոր ձևով հնչեր, ոչ թե որ խմբի անդամները լինեին կամ չլինեին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր եղբայրը, որը նույնպես երգել է խմբում, չի ցանկացել մասնակցել, քանի որ արդեն երկար տարիներ է, ինչ երաժշտության ոլորտում չէ:
«Քամի փչի»-ի նոր տարբերակը ձայնագրվել է PlayBack ստուդիայում: Տեսահոլովակի ռեժիսորը Զորայր Հակոբյանն է: Աշխատանքը նախ կլինի Յութուբում, ապա կհայտնվի նաև հեռուստաէկրաններին: