Փաշինյանի հրաժարականը պահանջող բժշկին ազատել են աշխատանքից․ մարզպետ Խաչատրյանը կկանգնի դատարանի առաջ. Yerkir.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանի հրաժարականը պահանջող բժշկին ազատել են աշխատանքից․ մարզպետ Խաչատրյանը կկանգնի դատարանի առաջ. Yerkir.am

Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար աշխատանքից հեռացրել են Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկական հիվանդանոցի տնօրեն Արտակ Եդոյանին։ Լուրը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատել է Եդոյանը։

«Աշխատավայրում նստած եմ, զանգում, ասում են՝ աշխատանքից ազատված եք։ Արամ Խաչատրյանին հարցնում եմ՝ ո՞րն է պատճառը, որ ազատում եք, ասում է․ «Պատճառ չկա, ուզել եմ՝ ազատել եմ։ Իրավաբանների հետ խոսել եմ, իրավունք ունեմ առանց պատճառի աշխատանքից ազատել»։ Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանի՝ Փաշինյանի հրաժարականի կոչին միացել էի նաեւ ես։ Ես կուսակցական դիրքորոշում չունեմ։ Ենթադրում եմ, որ դրանով է պայմանավորված, որովհետեւ այլ պատճառ չկա»,- ասել է նա։

Եդոյանն այսպես մտածելու կոնկրետ պատճառ ունի։ Զրույցի ընթացքում նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը, որը, մինչ գործադիր տեղափոխվելը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, թեման քաղաքական դաշտ է տեղափոխել, Եդոյանից հետաքրքրվել, թե ինչո՞ւ է դեմ Փաշինյանին։

«Մարզպետն ասաց՝ նախկին իշխանությունների ժամանակ կարո՞ղ էիք կարծիք հայտնել։ Ասում եմ՝ այո, եւ օրինակ բերում, որ նախկին մարզպետի ժամանակ քաղաքական խնդիր եմ ունեցել, ազատ արտահայտել եմ իմ տեսակետը։ Կարծիք հայտնելու համար նախկինում երբեք նման փաստի առաջ չեմ կանգնել»,- նշել է բժիշկը։

Եդոյանը մարզպետին դատի է տալու, իրավաբանների եւ իրավապաշտպանների հետ արդեն պայմանավորվել է։ «Պոլիկլինիկան ապաքաղաքական կառույց է, պոլիկլինիկայի տնօրենը՝ ապաքաղաքական անձ։ Նա իրավունք ունի իր անձնական տեսակետն ամեն տեղ հայտնելու, միշտ հայտնելու։ Դատի եմ տալու»,- շեշտել է նա։

 



Նման նյութեր