«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները ավարտել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը, որտեղ քննարկել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումի հետ կապված խնդիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Մենք հանդիպեցինք նախագահի հետ: Նրա հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ազատման հրամանագրի նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու առնչությամբ: Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,- ասաց Վանեցյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:
«Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 2-ին խիստ մտահոգիչ էր համարել նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը չստորագրելու դիրքորոշումը և հանդիպում պահանջել նրա հետ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: