Փաշինյանի հետ համաձայնության չեկանք, բանակցությունների 2-րդ փուլ է լինելու. Էդմոն Մարուքյան
Advertisement 1000 x 90

Փաշինյանի հետ համաձայնության չեկանք, բանակցությունների 2-րդ փուլ է լինելու. Էդմոն Մարուքյան

Որոշակի իմաստով բանակցություններ վարել ենք եւ, ըստ էության, վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների հետ, բայց մենք ենք կապում: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խոսել են գլխավոր շտաբի պետի հետ կապված խնդրի, զինված ուժերի քաղաքականացման եւ այդ ֆոնին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

«Որովհետեւ մենք տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաեւ Գլխավոր շտաբի խնդիրը: Այս պահին չունենք որեւէ համաձայնություն որեւէ հարցի վերաբերյալ: Որքան հասկանում եմ՝ կլինի հանդիպում նաեւ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետեւ միայն մեր դիրքորոշումով պրոցեսները չեն կարող առաջ գնալ եւ խորհրդարանը չի կարող ցրվել:

Հետեւաբար, երբ տեղի կունենա ԲՀԿ-ի հետ հանդիպումը կամ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի, նորից կլինեն բանակցություններ: Այս պահին որեւէ հարցով չունենք համաձայնություն, բայց այն, որ մենք պետք է խոսենք, ճանապարհներ գտնենք երկրում ստեղծված այս վիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք հասկացվածություն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու համաձայնություն չի կայացել, Մարուքյանը պատասխանեց. «Պետք է շարունակել խոսել. Ամենակարեւոր հանգամանքը հետեւյալն է, որ ես շատ եմ մտահոգված ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարության եւ կառավարության միջեւ եղած այս պրոցեսով: Որեւէ ձեւով զինված ուժերը մենք չպետք է քաղաքականացնենք: Ես ասում էի՝  եկեք զինված ուժերը թողնենք իր տեղում, գնանք ընտրությունների: Այստեղ ընտրությունները ամենահիմնարար հարցն են, որովհետեւ եթե ընտրություններ տեղի չեն ունենում, մենք չենք կարող ճգնաժամից դուրս գալ»:

Նա ընդգծեց, որ բանակցությունները շարունակելու կամք ունեն եւ իրենք, եւ վարչապետը. «ԲՀԿ-ի կամքն էլ կերեւա, որից հետո կշարունակենք խոսել»:

Մաուքյանը նկատեց, որ եթե իրենք հրաժարվում են վարչապետի թեկնածու առաջադրելու մոտեցումից, բայց խորհրդրանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, չի հրաժարվում, քննարկումն անիմաստ է դառնում:

«Մեկը ես չեմ պատկերացնում առանց գլխավոր շտաբի խնդիրը լուծելու արտահերթ ընտրություններ, բայց ուզում եմ օր առաջ արտահերթ ընտրություններ անցկացնել: Դրա համար առաջարկում էի՝ կոնսենսուսի գանք, էս մասը դադար տանք, գնանք արտահերթ ընտրությունների: Իսկ վարչապետն ասում է այդ երկու խնդիրները պետք չի կապել իրար»,-ասաց Մարուքյանը:

blognews.am



Նման նյութեր