ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բարեկամ քաղաքական գործիչ է անվանել եւ անհեթեթ համարել այն միտքը, որ նա Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ կապված իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ:
Ավելի վաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին:
«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի լրիվ անհեթեթ ձեւակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա Հայաստանի համար օգուտի հետեւողական կողմնակից է եւ կշարունակի զարգացնել եւ խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Նա մի մարդ է, ով մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման համար, եւ մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար դա է գլխավորը»,- լրագրողներին ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյոք Քոչարյանը համաձայնեցրել է իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը:
Նա հստակեցրեց, որ այդ քաղաքական գործիչներին է պատկանում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով: Դուք գիտեք, որ նրա եւ Ռուսաստանի նախագահի միջեւ շատ ակտիվ երկխոսություն է ընթանում: Դուք գիտեք, թե ինչ քրտնաջան աշխատանք է նախորդել Ղարաբաղում պատերազմին վերջ դրած եռակողմ փաստաթղթի ստորագրմանը: Ուստի այդ հարաբերություններն, իրոք, եւս շատ արժեքավոր են»,- եզրափակել է Պեսկովը: