Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի հասցեին մեղադրանքները անհիմն են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նրա հասցեին մեղադրանքները անհիմն են, և մենք ակտիվորեն կպաշտպանենք նրան»,- ասել է Դյուժարիկը:Նրա խոսքով` ՅՈւՆԻՍԵՖ-ն ու Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են, որ Մարին Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր առաքելությունը Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնում, իսկ հետո կտեղափոխվի այլ վայր: Դյուժարիկը Քլարկ-Հաթինգին անվանել է բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ։
Երեկ հայտնի դարձավ, որ ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է ՀՀ-ից։ «Mediaport» Telegram–ալիքը տեղեկացրեց, որ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ավելի ուշ Sputnik Արմենիային ասաց, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարությունը որոշել է դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: