«Կոնստանտ» խմբագրական. երբ պոչը թափ է տալիս շանը, կամ ո՞վ է դավաճանը
Advertisement 1000 x 90

«Կոնստանտ» խմբագրական. երբ պոչը թափ է տալիս շանը, կամ ո՞վ է դավաճանը

ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի խայտառակ «էպոպեան» մոտենում է իր ավարտին։ Ու այս անգամ մենք շատ հեռու ենք հերոսի կործանման այն մոդելից, երբ մեղավորը կինն ու գինին են։ Հեռու ենք նախևառաջ մի հարցի պատճառով, որի պատասխանը տրիվիալ չէ՝ իսկ կա՞ր հերոս։

Շատ է խոսվել այն մասին, որ ռազմական հեղաշրջումներն այսպես չեն արվում։ Երբ գեներալիտետը կպնում է իշխանափոխության ֆիգուրին, անպայման պետք է խաղա, իսկ հետո, երբ հեղաշրջումն արված է, ստատուս գրի։

Մեզ մոտ գեներալիտետը սկզբում ստատուս գրեց, հետո էլի ստատուս գրեց, հետո էլի ստատուս գրեց, վերջում էլ խելոք զգաստ կանգնեց այն մարդու առջև, որը, իրենց իսկ ձևակերպմամբ, ադեկվատ չէ։ Շատ է խոսվել, ուստի չկրկնեմ այլ բանախոսների թեզեր։

Դրամատիկ զեղումներով, պաթոսով ու զանգն իրար գրպանը գցելու դրվագներով հագեցած այս ողջ շղթայում ուշագրավ է թերևս միայն մի հատվածը՝ Արմեն Սարգսյանինը։ Հիշո՞ւմ եք՝ մի պահ անգամ ընդդիմադիր հայացքների տեր որոշ ընդդիմադիրներ Արմեն Սարգսյանի նկարներն էին զետեղում իրենց էջերում, թե բա՝ տեսեք-տեսեք, Ջեքսոնն, այնուամենայնիվ, տղամարդ է ու դեմ է դուրս գալիս Նիկոլին։ Բնականաբար, Ջեքսոնը վաղուց կին էր ու դա բազմիցս ապացուցել էր, իսկ ստորագրել-չստորագրելու թատրոնը զուտ ժամանակ ձգելու և գոլորշի բաց թողնելու համար բեմադրված թատրոն էր։

Այս դրվագն առաջին հերթին ուշագրավ է նրա համար, որ գոնե սրանով մարդիկ պետք է վերջապես հասկանան, որ չկան ու չեն կարող լինել որևէ էական հակասություններ Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի միջև։ Ավելին՝ նրանք բացարձակ նույն բանն են, եթե դիտարկում ենք կոնկրետ աշխարհաքաղաքական բևեռի շահեր սպասարկող կոնգլոմերատի տեսանկյունից։

Թե՛ Նիկոլը, թե՛ Արմեն Սարգսյանը սպասարկում են բրիտանա-թուրք-ադրբեջանական շահերը։ Միակ տարբերությունը, թերևս, այն է, որ եթե Նիկոլը անում է դա, օրինակ, 2000-ականների սկզբից ու կրտսեր կատարածու է և ինչ-որ սցենարում հանգիստ կարող է դառնալ մատաղի ուլ իր տերերի համար, ապա Արմեն Սարգսյանը դա անում է դեռ 80-ականներից, զբաղեցնում է շատ ավելի բարձր դիրք անգլոսաքսոնական հիերարխիայում, և կարելի է վստահ լինել, որ գրեթե բացառվում է, որ նրան կզոհաբերեն ինչ-որ սցենարում։

Ըստ այդմ, տեղին է տալ տրամաբանական հարց՝ արդյո՞ք կարելի է դավաճան համարել այս երկուսին։ Ես կարծում եմ, որ նրանք պարզապես թշնամիներ են։ Վերջիվերջո, երկուսն էլ երբեք զինվորական երդում չեն տվել, երբեք իրենց չեն նույնականացրել Հայաստանի հետ ու երբեք դա չեն էլ թաքցրել։ Փոխարենը իրենց գրեթե ողջ հրապարակային գործունեության ընթացքում ուղղակի և անուղղակի սպասարկել են ՀՀ թշնամիների շահը։

Կարծում եմ, որ այս երկուսին ավելի բնութագրող եզրույթը ոչ թե դավաճանն է, այլ թշնամին։ Վերջիվերջո, դավաճան կարող է դառնալ միայն նա, ով յուրային է եղել, իսկ ո՛չ Արմենը, ո՛չ Նիկոլն այդպիսին երբեք չեն եղել։ Լավ, այդ դեպքում ո՞վ է դավաճանն այս խայտառակ «էպոպեայում»։

Գիտե՞ք, երբ Օնիկ Գասպարյանն ու ԳՇ-ն հանդես եկան իրենց հայտնի հայտարարությամբ, իմ արձագանքը կարելի է նկարագրել արդեն թևավոր խոսք դարձած «Իյա, իրո՞ք»-ով։ Փաստորեն, Օնիկ Գասպարյանն ու ԳՇ-ն որևէ խնդիր չէին տեսնում, երբ, իրենց իսկ խոսքերով, պատերազմի 4-րդ օրը Նիկոլին զեկուցվում է, որ պատերազմը պետք է հնարավորինս շուտ կանգնեցնել, իսկ նա անում է դա միայն 40 օր և ռուսական մի քանի առաջարկներ մերժելուց հետո։

Փաստորեն, Օնիկ Գասպարյանն ու ԳՇ-ն որևէ խնդիր չէին տեսնում, երբ պատերազմի 44 օրերի ընթացքում իսկական պոռնոգրաֆիա էր կատարվում, ու լրահամալրում էր դադարեցվում, Աննա Հակոբյանն էր բունկերներից օպերացիաներ համակարգում, Արծրունն էր հաղԴում և գյոռբագյոռ անում, Շուշին էին զոռով հանձնում։ Վերջում էլ որևէ խնդիր չէին տեսնում ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի հետ։ Փոխարենը առանց որևէ խնդիր տեսնելու սիրահոժար ընդունում էին երկնային մանանայի պես իրենց վրա թափվող գեներալական նոր աստղերը, «Մարտական խաչ»-երն ու Ազգային հերոսի կոչումները։

Փաստորեն, Օնիկ Գասպարյանն ու ԳՇ-ն որևէ խնդիր չէին տեսնում, երբ կապիտուլյացիային հետևած շաբաթներին ու ամիսներին Նիկոլն ու իր թիմը սկզբում վախվորած դուրս եկան բունկերներից ու աստիճանաբար լծվեցին իրենց ցինիկ, անբարո և հակաիրավական գործունեությանը՝ ամեն օր ոտնահարելով նույն այն սահմանադրական կարգը, որն այսչափ «սրբորեն» պահեցին Օնիկն ու գեներալիտետը։

Այս ամենը փաստորեն հեչ էր։ Այ, երբ Նիկոլը հայտարարեց, որ Իսկանդերը 10 տոկոսով է պայթել, այ դրան էլ դիմանալ չէր լինի։ Ի՜նչ Շուշի, ի՜նչ Արցախ, ի՜նչ պատերազմ, ի՜նչ կապիտուլյացիա, այ Իսկանդերն արդեն մեր կարմիր գիծն էր, որի նկատմամբ ոտնձգությունը ներել չի կարելի։

Հիմա, սիրելի՛ ընթերցող, վերադառնանք խմբագրականի սկզբում զետեղված հարցադրմանը՝ իսկ կա՞ր հերոս։ Ես կարծում եմ՝ ո՛չ, հերոս չկար։ Մյուս հարցով էլ ամփոփեմ խմբագրականս. եթե այս պատմության մեջ դավաճան կա, ապա ո՞վ է նա։

blognews.am



Նման նյութեր