Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը` հավելելով, որ 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում ավելի քան 800 000 դրամ է (ներառյալ հարկերը)։
Նախարարն ինֆոգրաֆիկայի տեսքով է ներկայացրել նախարարության կողմից իրականացված հարցման արդյունքները շուրջ 150 ընկերությունների շրջանում, որտեղ նշված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները։
«Դատելով ներկայացված թվերից, ինչպես նաև ոլորտի աճի դինամիկայից, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,–գրել է նախարարը։
Նա կոչ է արել քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում։
Մասնագիտությունը փոխել ցանկացողներին Արշակյանն առաջարկում է ծանոթանալ դասընթացներին https://edu.hti.am/ կայքում։