Արցախում իշխանափոխությունը անհնարին է
Advertisement 1000 x 90

Արցախում իշխանափոխությունը անհնարին է

Պարզվում է, որ քաղաքական կյանքը Լեռնային Ղարաբաղում պակաս հետաքրքիր ու ինտրիգային չէ, քան Հայաստանում, թեեւ այնտեղ քաղաքական պայքարը կարծես թե ավելի անդրկուլիսյան է եւ օրինակ փողոցային դրսեւորումներ չի ունենում։ Սակայն Հայաստանում ընթացող ներքաղաքական փողոցային պայքարը կարծես թե ոգեւորել է նաեւ արցախյան քաղաքական ուժերին եւ նրանք նույնպես ցանկանում են ավելի կոշտացնել պայքարը Արցախի գործող իշխանությունների եւ Արայիկ Հարությունյանի դեմ։

Խոսվում է նույնիսկ այն մասին, որ կան տրամադրություններ համաձայնեցնելու ԼՂ-ում Արայիկ Հարությունյանի դեմ պայքարը եւ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը։ Թե ինչի կարող է բերել դա, դժվար է ասել։ Սակայն կա մի սկզբունքային հարց, որը Ստեփանակերտում երբեք չպետք է մոռանան։

Արցախում իշխանափոխությունը անհնարին է։ Անհնարին է նաեւ, որ Արցախում նոր իշխանություններ ձեւավորվեն։ Հայաստանի համար նույնիսկ հիմա իշխանության արմատական փոփոխությունը քիչ հավանական է, որովհետեւ կարծես թե Նիկոլ Փաշինյանը լիովին ձեռնտու է բոլորին, որպես հայտնի «մավր», որ իր գործն է կատարում դեռ եւ չի ավարտել, որպեսզի ասեն՝ «մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»։ Ստեփանակերտում մոռանում են, որ ապրում են նոր իրականության պայմաններում, որտեղ ունեն ոչ թե պետականություն, այլ պետականության բեկորներ, որտեղ հարցեր որոշողը այլեւս ոչ թե իրենք են, այլ նրանք, որոնք փաստացի ապահովում են, որպեսզի կրակոցներ չլինեն առաջնագծում։

Իսկ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի նման ձեռնտու է հիմա ռուսներին, որովհետեւ Արայիկ Հարությունյանն էլ ԼՂ համար է այն «մավրը», որը ղարաբաղյան մակարդակում անում է իր գործը եւ դեռ չի ավարտել։ Արդեն ասել ենք մեկ անգամ ասել ենք եւ հիմա էլ կրկնում ենք՝ ԼՂ-ում տեւականորեն պետք է մոռանալ ցանկացած մակարդակի ընտրությունների, իշխանափոխության եւ այլ նման բաների մասին, քանի որ այդ ոլորտում ցանկացած տեղաշարժը պրոբլեմատիկ է եւ վերաբերելու է ոչ այնքան հենց արցախցիներին ու Երեւանին, որքան Մոսկվային եւ Բաքվին։ ԼՂ-ում իհարկե իշխանություն կփոխվի եւ նոր իշխանություն կձեւավորվի, սակայն դա էլ ունի իր ժամանակը եւ հերթական օղակն է ընդհանուր պրոցեսի շղթայի մեջ։

politik.am



Նման նյութեր