Բուլղարիայի սանիտարական իշխանությունները սահմանափակումներ են մտցնում երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով: Երկրի առողջապահության նախարար Կոստադին Անգելովը այսօր ճեպազրույցում հայտնել է, որ մարտի 22-ից 10 օրով սահմանվում է համընդհանուր կարանտին:
«Երկրում իրավիճակը շարունակում է վատթարանալ, հիվանդների թիվը աճում է, ինչը ստիպում է սահմանափակող միջոցառումներ մտցնել ազգային մակարդակով: Դրանք կմտցվեն երկուշաբթիից՝ 10 օրով»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Անգելովը:
Մարտի 22-ից երկրի տարածքում, մասնավորապես, կդադարեցվի հանրային սննդի հաստատությունների աշխատանքը, հանրային միջոցառումները, մարզական, մշակութային եւ ժամանցային միջոցառումները: Փակվում են խոշոր առեւտրի կենտրոնները, դադարեցվում է թատրոնների եւ կինոթատրոնների աշխատանքը, դադարում են աշխատել նաեւ դպրոցներն ու մանկապարտեզները: Անգելովի խոսքով՝ նախատեսվում են նաեւ այլ միջոցառումներ:
Վերջին մեկ օրում բուլղարացի բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 4 201 նոր դեպք, ինչը 173-ով պակաս է, քան մեկ օր առաջ: Երկրում հիվանդների ընդհանուր թիվը հասել է 291 769-ի: Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 136 պացիենտ, մահերի թիվը հասել է 11 715-ի: Ներկայումս հիվանդանոցներում բուժվում է 7 804 պացիենտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, նրանցից 609-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: