Կեղծ օրակարգ է․ Քոչարյանը հա՛մ ուզում էր Մեղրին տալ, հա՛մ գազամո՞ւղ էր անցկացնում․ Մեղրիի քաղաքապետ․ «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

Կեղծ օրակարգ է․ Քոչարյանը հա՛մ ուզում էր Մեղրին տալ, հա՛մ գազամո՞ւղ էր անցկացնում․ Մեղրիի քաղաքապետ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը հարցազրույց է արել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ:

Պարոն Զաքարյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Մեղրիում, ինչպիսի՞ն են մեղրեցիների տրամադրությունները պատերազմից հետո։

Այդքան էլ չի տարբերվում Հայաստանի մնացած տեղերից, առանձնահատկությունը կապված է էդ անորոշության հետ՝ միջանցք եւ այլն, Ալիեւն ու Էրդողանն ասում են, մեր կողմից ոչ մի բան չի պատասխանվում, պաշտոնական ոչ մի բան, ոչ մի տեսակետ չկա, թե ինչ է լինելու։ Խոսքը միջանցքի մասին է։ Էդ անորոշությունը վակուում է առաջացնում, որն առիթ է տալիս, որ տարբեր մտավարժանքներ լինեն, մեկը մի բան է ասում, մյուսը՝ մեկ այլ բան։ Ու անընդհատ էլ մամուլից գալիս են՝ տարբեր ուղղվածություններով, օրինակ՝ «Ազատությունից» ու էլի մեկ լրատվամիջոցից, անունը չեմ հիշում, գալիս են ժողովրդի միջից մարդկանց են ընտրում, որոնք ասում են՝ իհարկե, լավ է, թող գան, առեւտուր կանենք։ Բայց ես ուզում եմ Ձեզ էլ հավատացնել, որ մեծամասնությունը, մանավանդ վերջին պատերազմի վերքերը հաշվի առնելով, չկա այդպիսի բարիդրացիական ցանկություն՝ մեր թշնամիների հետ բարիշելու։ Եվ իրավիճակ է փոխվել նաեւ նրանով, որ մենք նախկինում սահմանակից էինք Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը եւ Իրանին, հիմա արդեն արեւելյան կողմից՝ նաեւ Ադրբեջանին, եւ մեր Նռնաձոր գյուղն էլ դարձել է սահմանակից։ Էնտեղ GPS-ի հետ կապված խնդիրներ ունեինք, բայց ռուս սահմանապահների ուժերով, ադրբեջանցիների հետ բանակցելով՝ լուծվել է էդ հարցը։ Հիմա հետ են քաշվել, նորմալ է արդեն։

Իսկ մարզպետը չի՞ խառնվում այդ խնդիրներին։

Ես չգիտեմ, Նռնաձոր չի այցելել ոչ մի անգամ։

Առհասարակ, ինչպիսի՞ն են մարզպետի հետ Ձեր հարաբերությունները՝ հաշվի առնելով քաղաքական հայացքների տարբերությունները։

Ինքը՝ որպես անձ, իր անցած ճանապարհը հարգում ենք, գնահատում ենք, բայց որպես մարզպետ՝ ինքը, իմ կարծիքով, չի պատկերացնում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման փոխհարաբերությունները։

Բայց Ձեզ հետ ուղիղ կապի մեջ մտնո՞ւմ է, լինո՞ւմ է, որ ինչ-որ հարցերով զանգեք իրար։

Չէ, աշխատակազմերն իրար հետ աշխատում են, բայց իր հետ, անկեղծ որ ասեմ, շփում չկա։

Լավ, իսկ ի՞նչ է սպասվում Մեղրիով միջանցք տրամադրելու մասով, կա՞ նման բան, քանզի մեկ ասում են՝ միջանցքի մասին խոսք չկա, մյուս կողմից ասում են՝ դա կարող է ընդհանուր օգտագործման ճանապարհ լինել, որը կանցնի Մեղրիով։

Ներկայում կոնկրետ աշխատանք որ տարվում է, ռուս սահմանապահները հողհատկացման հարցով դիմել են բլոկ-պոստեր կառուցելու համար երկու սահմանագլխին՝ Նախիջեւան եւ Ադրբեջան։ Առնվազն կոնկրետ թեման էդքանն է, որ հինգ բլոկ-պոստի համար դիմել են։

«Իմ քայլի» պատգամավորներից Հայկ Գեւորգյանը հայտարարել էր, թե Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն ի սկզբանե եղել է միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք։ Սյունիքի մարզում կա՞ նման հատված, առհասարակ, որը միջազգայնորեն Ադրբեջանի տարածք է համարվում։

Ես խորհուրդ կտամ իրեն ու մյուսներին՝ լավ ուսումնասիրեն «Պետական սահմանի մասին» օրենքն ու «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ 2010, թե 11 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ են եղել, բայց դա պետական սահմանի հետ ընդհանրապես կապ չունի։ Ուստի, էդ պատգամավորը կա՛մ միտումնավոր, կա՛մ անգիտակցաբար խառնում է էս երկու օրենքները։

Ի դեպ, շատ է խոսվել այն մասին, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ուզում էր Մեղրին տալ, բայց չտվեց՝ ինչ-որ բան խանգարեց։ Դուք ի՞նչ կասեք այս մասով։

Դե, տարիներով աշխատել են դրա վրա, որ՝ ուզում էր տար․․․ Ուզեր տար՝ կտար։ Եվ մյուս կողմից նայեք, եթե Նախիջեւանից Մեղրին տար, մենք 160 կմ ազատագրված տարածքներ ունեինք, բա դրա՞նք ինչ էին լինելու։ Այսինքն՝ Մեղրիից մինչեւ Հորադիզ մեր սահմանն էր, Արցախն էր։ Ինքը միայն Մեղրին տալով ո՞նց էր լուծելու էդ հարցը։ Դա կեղծ օրակարգ է, ես ոչ մի փաստ չունեմ, ճիշտ է, մարդիկ կան, որոնց ուղեղում տարիների քարոզչական աշխատանքի շնորհիվ դա խորը նստած է, բայց հա՛մ ուզում էր Մեղրին տալ, հա՛մ գազամո՞ւղ էր անցկացնում, Ռոբերտ Քոչարյանն էր, չէ՞, որ Իրան-Հայաստան գազամուղը կառուցեց, Մ2-ին զուգահեռ՝ Մ17 այլընտրանքային ճանապարհը կառուցեց։

Հիմա անվտա՞նգ է Գորիս-Կապան ճանապարհահատվածը, թե՞ օգտվում եք Տաթեւով ճանապարհից, որն անբարեկարգ է։

Չէ, հա՛մ անբարեկարգ է, հա՛մ հոգեբանական խնդիրը կա, որովհետեւ, եթե մենք էլ Տաթեւով գնանք, պատկերացրեք՝ ազգաբնակչության մոտ ինչ վերաբերմունք կառաջանա։ Բայց ես, որ անկեղծ ասեմ, ավելի շատ վտանգ․․․ հիմա մի քիչ կարող է կասկածամտության հետեւանք լինի, բայց երբ որ վարչապետի հրաժարականը սկսեցինք պահանջել, հասկացանք, որ էստեղից կարող է ուղղորդեն, որ մեզ էնտեղից վնասեն։

Կարծում եք՝ էստեղից ադրբեջանցիներին կուղղորդե՞ն, որ ձեզ վնասեն։

Դե, էս կառավարությունը նվեր է Ադրբեջանի համար, սա իրենց համար շահած կառավարություն է, եւ իմ կարծիքով՝ կուզեն իրար օգնած լինեն։



Նման նյութեր