Իվա-Դիվա. այսպես են անվանում յուրահատուկ և ինքնատիպ երգչուհի Իվետա Մուկուչյանին, ում ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Դալմա Գարդեն Մոլում: «Սկավառակը կոչվում է «IvaVerse»: Անունը վերցված է «Universe» բառից: Երգերի միջոցով իմ անձնական տիեզերքն եմ ներկայացնում, այդ իսկ պատճառով այդպես եմ կոչել: Ձայնասկավա ռակում հինգ երգ է ընդգրկված, որոնց խոսքերի և երաժշտության հեղինակը ես եմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Ձայնագրման աշխատանքներն իրականացել են Գերմանիայի հեղինակավոր «Անալոգ» ստուդիայում: «Նախկինում երաժշտությունը ժապավենի վրա են գրել. ներկայումս նման բան չի արվում, սակայն «Անալոգ» ստուդիայում երգերը ձայնագրել ենք ժապավենի վրա, այսինքն` որևէ բան փոխելու հնարավորություն չի եղել. ամեն ինչ շատ բնական է ստացվել»,- շեշտեց Իվետա Մուկուչյանը և հավելեց, որ հնչողությունը չափազանց որակյալ է:
Իվետան ընդգծեց, որ բավականին բարդ և ծավալուն աշխատանք են իրականացրել լավ արդյունք ստանալու համար: «Սկավառակի վրա աշխատել եմ մեկ տարի և շեշտը դրել ոչ թե երգերի քանակի, այլ որակի վրա»,-ասաց երգչուհին:
Իվետա Մուկուչյանի խոսքով` ինքը համագործակցել է գերմանացի, ֆրանսիացի բարձրակարգ երաժիշտների հետ` դրանով իսկ իրականացնելով իր երազանքներից մեկը: «Որոշ երաժիշտների հետ աշխատելը մեծ հպարտություն է և բավականություն է պատճառում, հատկապես, երբ իրենք ոգևորություն են ապրում իմ երաժշտությունը պատշաճ ներկայացնելու համար»,-նշեց Մուկուչյանը:
Ըստ երգչուհու` ձայնասկավառակը կոմերցիոն չէ, ու նրանում գերակշռում են մեղեդային երգերը, որոնք արտացոլում են իր ներաշխարհը և շատ անձնական են:
Երգերից մեկն արդեն ունի տեսահոլովակ, որի պրեմիերան կլինի շնորհանդեսի օրը: Իվետան հանդես կգա մի քանի կատարումներով:
Այն հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք երկրպագուներին ուրախացնել մենահամերգով, Իվետա Մուկուչյանը պատասխանեց, որ նման համերգով հանդես գալու մեծ ցանկություն ունի, սակայն դա նախատեսված է հաջորդ տարվա ծրագրերում: Երգչուհու խոսքով` ինքը շոյված է, որ երկրպագուները սպասում են համերգի և խոստանում է արդարացնել նրանց ակնկալիքները:
Պատրաստեց Անժելա Համբարձումյանը, «Արմենպրես»