Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակում է պետական միջոցներին վերաբերվել իբրև ընտանեկան միջոցների: Հարությունյանn Արցախի սուղ միջոցները շատ դեպքերում օգտագործում է իր մտերիմներին լավություն անելու կամ քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար: Անգամ պատերազմում արձանագրված խայտառակ պարտությունը չի փոխել վերջինիս մոտեցումները: Այս ընթացքում նախատեսված սոցիալական ծրագրերից հնարավորինս արագ օգտվում են Արցախի այն քաղաքացիները, ովքեր հրապարակային լոյալ են Արայիկ Հարությունյանի նկատմամբ, իսկ նրանք, ովքեր քննադատում են նրան, պահանջում իր հրաժարականը` հանդիպում են անհարմարությունների:
Հանձնված Քարվաճառի մի նախկին բնակիչ Politik.am-ին տեղեկացրեց, որ շրջանի մի քանի բնակիչներ նոյեմբերի 10-ից հետո իրենց անշարժ գույքը բարձր գներով վաճառել են Արցախի կառավարությանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ «հաջողակները» եղել են նախագահ Արայիկ Հարությունյանի մտերիմները կամ ընկերները: Արցախի կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ նման գնումներ եղել են նաև հանձնված այլ քաղաքներում և գյուղերում ևս: Կառավարությունում ափշած են մնացել, թե ինչպես է պատերազմական այս ծանր վիճակում պետական միջոցները ծախսվում նախագահ Հարությունյանի ընկերներին կամ ծանոթներին պատկանող գույքի գնաման համար, այն դեպքում, երբ այդ տարածքներն, առնվազն առաջիկա տարիներին, չեն լինելու հայկական կողմի վերահսկողության տակ:
Խնդրի մասին օրերս 5TV-ի եթերում խոսել է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Նա տեղեկացրել է, որ ստացել է նման տեղեկություններ և փորձել է կառավարությունից տեղեկատվությունը ճշտել, սակայն հարցումն անպատասխան է մնացել: Պատգամավորի խոսքով տներից մեկի գնման համար, ըստ եղած լուրերի Արցախի կառավարությունը վճարել է 30 մլն դրամ:
Politik.am-ը ևս գրավոր հարցում է ուղարկել Արցախի կառավարություն, սակայն մեր հարցումը ևս անպատասխան է մնացել:
Ստեղծված իրավիճակում կարևոր է Արցախի քաղաքացիների դիրքորոշումը: Նրանք պետք է կարողանան ստիպել Արայիկ Հարությունյանին բացատրություններով հանդես գալ և եթե եղել են այդ գնումները, ապա պետական միջոցները պետք է վերականգնվեն, իսկ Հարությունյանը անհապաղ պետք է թողնի նախագահի պաշտոնը:
Արցախի կառավարության արձագանքից հետո պատրաստ ենք հրապարակել նաև նրանց տեսակետը և կոչ ենք անում հրապարակել նոյեմբերի 10-ից հետո կատարված գնումների մասին տեղեկատվությունը։