Արմեն Սարգսյան. «Ո՛չ աջ ենք, ո՛չ ձախ ենք, ո՛չ սև ենք, ո՛չ սպիտակ ենք»
Advertisement 1000 x 90

Արմեն Սարգսյան. «Ո՛չ աջ ենք, ո՛չ ձախ ենք, ո՛չ սև ենք, ո՛չ սպիտակ ենք»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտ»-ին ու կարծիք է հայտնել, թե որևէ մեկը, մեկ կամ երկու կուսակցություն երկիրն այս իրավիճակից միայնակ հանել չեն կարող:

«Բոլորիս ներդրման անհրաժեշտությունը կա: Կարիք կա, որ բոլորս կարգապահ ձևով ամեն օր մեր աշխատանքով ներդրում ունենանք մեր տունը վերակառուցելու գործում: Հետևաբար, եթե նույնիսկ գնում ենք ընտրությունների, որովհետև երեք խորհրդարանական կուսակցությունները որոշել են, հուսով եմ, որ ամբողջ ընթացքում, բուն ընտրություններին և դրանից հետո մենք բոլորս մեզ կպահենք քաղաքակիրթ ձևով»,- ասել է Սարգսյանը:

Նախագահը վերահաստատել է նախկինում արած իր առաջարկը, ըստ որի հրաժարական պետք է տա ոչ թե միայն վարչապետը, այլև կառավարությունը:

«Եթե խորհրդարանական հանրապետություն ես և ունես ճգնաժամային իրավիճակ, կառավարությունը հրաժարական է տալիս, ձևավորվում է ազգային համաձայնության կառավարություն, այսինքն՝ հիմնական կուսակցությունները, համաձայնության գալով, ձևավորում են կառավարություն կամ ազգային համաձայնության կառավարություն, բայց զրոյական մակարդակով, այսինքն՝ որևէ քաղաքական ուժ չկա, միայն պրոֆեսիոնալ, արհեստավարժ մարդիկ են»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ ժամանակավոր կառավարությանը պետք է բավարար ժամանակ տրամադրվի քննարկումներ, ընդհուպ հանրաքվե կազմակերպելու համար:

Ըստ նրա, այս տարբերակը թույլ կտար նաև ընտրություններին նախապատրաստվել Ընտրական օրենսգիրքն ու Սահմանադրությունը բարեփոխելուց հետո:

«Հակառակ դեպքում ընտրություններից հետո, գուցե մի սցենարով կամ մի հնարավորության դեպքում կունենանք կուսակցություն, որը կունենա մեծամասնություն, և այդ դեպքում մյուսները, հնարավոր է, բավարարված չլինեն: Հնարավոր է՝ այնպիսի Ազգային ժողով ունենանք, որ որևէ կուսակցություն չունենա մեծամասնություն, և Ազգային ժողովի ներսում ունենանք զանազան խնդիրներ, այսինքն՝ ոչ կայուն և ոչ հավասարակշիռ Ազգային ժողով ունենանք»,- կանխատեսում է նախագահը:

Ինչ վերաբերում է առկա իրավիճակում ՀՀ նախագահի դերին ու քաղաքական ուժերի հետ իր հանդիպումներին, Արմեն Սարգսյանը շեշտել է, որ ինքը փորձում է չխառնվել գործադիրի գործունեությանն ու քաղաքական գործընթացներին: «Փորձում եմ միշտ լինել մեջտեղում, և դրա համար նախագահն ու ինստիտուտը քննադատվում են և՛ աջից, և՛ ձախից:

Եթե քո որոշումն այս կամ այն օրենքի կամ երևույթի հետ կապված համընկնում է կառավարության որոշման հետ, այդ դեպքում գուցե կառավարությունը բավարարված է, բայց ընդդիմությունը քեզ քարկոծում է: Եթե հակառակն է՝ քո որոշումը համընկնում է այն ցանկությունների հետ, որ ունի ընդդիմությունը, դու դառնում ես իրենց մարդը, հերոս, բայց հանկարծ եթե չի համընկնում, քեզ քարկոծում են»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Նրա դիտարկմամբ, քանի որ քարկոծումը երկու կողմից էլ կա, ապա ինքը կարծում է, որ ճիշտ է վարվում.

«Որովհետև ոչ աջ ենք, ոչ ձախ ենք, ոչ սև ենք, ոչ սպիտակ ենք, այլ փորձում ենք պաշտպանել ու պահպանել պետական շահը»,- ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշվում հունիսի 20-ը։

armeniasputnik.am



Նման նյութեր