Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, որոնք առնչվում են Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելուն։
Ըստ նրա` ներկա գործընթացի մասին պետք է դատել միայն բացասական գնահատականներով, որովհետև այդ քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է հայկական լսարանին և փաստացի արձանագրում է որոշակի իրավիճակներ, որոնք չեն բխում Հայաստանի ու հայության շահերից։
«Նման հայտարարություններով փաստացի կասկածի տակ է դրվում ընդհանրապես հայկական պետականության գոյությունը, որովհետև հայտնի թեզը, ըստ որի անհայտ է թշնամանքի աղբյուրը, ըստ էության` նախորդ բոլոր տարիների պայքարը նույնպես դնում է կասկածի տակ, մինչդեռ այս տարածաշրջանում հայկական պետականության գոյության առաջնային նպատակը միշտ եղել է հայերի ֆիզիկական անվտանգությունն ապահովելը։ Այդ խնդիրը դրված է եղել նաև արցախյան հիմնահարցի հիմքում»,– նշեց թուրքագետը։
Գեղամյանի կարծիքով` մենք չենք տեսել, որ Թուրքիայում և Ադրբեջանում իսկապես փոխվել է վերաբերմունքը Հայաստանի ու հայության նկատմամբ և փաստացի իրենց տարած հաղթանակից հետո էլ ականատես ենք լինում, որ այս պահին հակահայկականությունը ոչ թե նվազել է կամ մնացել նույն մակարդակում, այլ ստանում է նոր որակներ ու դրսևորումներ, ինչի վառ ապացույցը հայ գերիներն են, որոնք անմարդկային պայմաններում պահվում են Ադրբեջանում, և դա թշնամանքի ամենավառ դրսևումն է։
Թուրքագետի համոզմամբ` բարձրագույն իշխանության հայտարարությունները, տեղի ունեցող գործընթացները և առաջին հերթին Սյունիքում միջանցք բացելուն ուղղված աշխատանքները վկայում են այն մասին, որ ադրբեջանաթուրքական և հայկական վերնախավերի միջև ընթանում են բանակցություններ, ուստի դատելով այն հռետորաբանությունից, որը կիրառվում է ՀՀ իշխանությունների կողմից, կարելի է ասել, որ վերոհիշյալ բանակցություններն ընթանում են ադրբեջանաթուրքական կողմի նախապայմաններով։