Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 31-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Նախարար Այվազյանը շնորհավորել է Ջոն Պատրիկ Գալագերին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-բրիտանական օրակարգի առավել ամրապնդման և հարստացման գործում: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է փոխգործակցության առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Նախարար Այվազյանը և դեսպան Գալագերը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ, առանձնացրել են տնտեսության, գիտության և կրթության ոլորտները, կարևորել են մարդկանց միջև շփումների ակտիվացումը:
Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմանը վերաբերող հարցեր: