ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, խոստովանել է, որ ուկրաինական գազարդյունահանող Burisma ընկերության վարչությունում աշխատելիս ստացած փողը ծախսել է ալկոհոլի եւ թմրանյութերի վրա: Այս մասին նշված է նրա՝ Beautiful Things նոր գրքում: Տեքստից քաղվածքներ են հրապարակվել The Washington Post-ում:
Հանթեր Բայդենն իր հուշագրությունում շեշտում է, որ եթե իրեն նման հնարավորություն ընձեռվեր, չէր սկսի աշխատել ուկրաինական ընկերությունում: Նա խոստովանում է, որ Burisma-ից ստացած փողը միայն խորացրել է իր կախվածությունը ալկոհոլից եւ թմրանյութերից, որոնք կործանել են նրա հարաբերությունները ընտանիքի հետ եւ կարիերան: Նա մանրամասն նկարագրում է, թե ինչպես է պայքարել թմրամոլության դեմ 2015 թվականին քաղցկեղից եղբոր մահանալուց հետո: Գրքում նաեւ նշվում է այն մասին, թե ինչպես է բուժվել վերականգնողական կենտրոններում, ինչպես է իր ընտանիքն օգնել իրեն պայքարելու ալկոհոլային եւ թմրակախվածության դեմ:
ԱՄՆ ղեկավարի որդին, ի դեպ, Burisma-ում իր աշխատելը ոչ էթիկական չի համարում, երբ Բայդեն ավագը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը: Նա խոստովանում է, որ հոր քաղաքական կարիերան իրեն օգնել է, բայց պնդում է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր հայրը հակաօրինական ոչ մի բան չեն արել, հատկապես այն առումով, ինչն առնչվում է Burisma-ին: