Դա բոլորի համար է անընդունելի. Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Պոզների հետ կապված սկանդալը
Advertisement 1000 x 90

Դա բոլորի համար է անընդունելի. Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Պոզների հետ կապված սկանդալը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստում մեկնաբանել է Թբիլիսիում հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հետ կապված սկանդալը:

«Վլադիմիր Պոզները չի խախտել «Օկուպացիայի մասին օրենքը»։ Նա հաճախ է ԱՄՆ անձնագրով Վրաստան այցելում, սա մասնավոր բնույթի նրա հերթական այցն էր։ Դրա հետ մեկտեղ նա ու նրա հյուրերը ունեցել են կովիդ-անձնագրեր ու ՊՇՌ-թեստի բացասական պատասխաններ։ Նրանք երկիր են մտել առանց օրենքի խախտման», – ասել է Ղարիբաշվիլին։

Ինչ վերաբերում է պարետային ժամի խախտումներին ու մայրաքաղաքի հաստատություններից մեկում հյուրերի հավաքին, Ղարիբաշվիլին նշել է, որ դա անընդունելի է բոլորի համար: Համապատասխան գերատեսչությունն արդեն արձագանքել է խախտմանը։ Արդյունքում տուգանվել է ինչպես հաստատությունը, այնպես էլ հանդիսության մասնակիցներից յուրաքանչյուրը։

Նա նաև արձագանքել է քաղաքի կենտրոնում՝ լրագրողի հյուրանոցի դիմաց, անցկացրած բողոքի ակցիային։ Ղարիբաշվիլին նշել է, որ մի խումբ մարդկանց դժգոհությունից օգտվել է «երկրի ամենաապակառուցողական ուժը՝ «Միասնական ազգային շարժումը»» (Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցություն):

Վլադիմիր Պոզները Թբիլիսի է ժամանել մարտի 31-ին, որպեսզի նշի իր ծննդյան օրը. ապրիլի 1-ին լրանում է նրա 87-ամյակը։ Նրա հետ ժամանել են շուրջ 50 ընկերներ ու գործընկերներ: Նա պատրաստվում էր Վրաստանից հեռանալ ապրիլի 3-ին, սակայն բողոքի ակցիաների պատճառով ժամանակից շուտ է լքել երկիրը։

Ընդդիմության անդամները և ակտիվիստներն ակցիա են կազմակերպել` պահանջելով հստակեցնել՝ արդյո՞ք Պոզները, Վրաստան ժամանելով չի խախտել օկուպացիայի մասին օրենքը։ Ցուցարարները նաև անընդունելի են համարել Պոզների կողմից Աբխազիայի վերաբերյալ նախկինում արված մեկնաբանությունները։

Ընդդիմության ակտիվիստներն ու առաջնորդները նախ բողոքի ակցիա են անցկացրել «Վինոտել» հյուրանոցի մոտ, որտեղ Պոզները ընթրել է հյուրերի հետ։ Ակցիայի մասնակիցներն ի վերջո խափանել են ընթրիքը, նրանք աշխատանքի տեսչությանը հայտնել են, որ Պոզներն ու նրա հյուրերը խախտել են Վրաստանում գործող «պարետային ժամը», ըստ որի երեկոյան 9 -ից հետո ու մինչև առավոտյան 5-ը արգելվում է փողոց դուրս գալ, իսկ ռեստորաններն այդ ժամանակ աշխատելու իրավունք չունեն:

Հյուրերը ոստիկանների ուղեկցությամբ են լքել «Վինոտելը», ցուցարարների ակցիան շարունակվել է Rooms Hotel հյուրանոցի մոտ, որտեղ Պոզները կանգ է առել իր հյուրերի հետ: Ակտիվիստները շենքի վրա ձվեր են նետել։

armeniasputnik.am



Նման նյութեր