Այսօր Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից միաձայն 120 կողմ ձայնով ընդունվեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Marián Kéry) կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևը։ Տեղեկությունը հայտնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։
Բանաձևում խստորեն դատապարտվում է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորապես մտահոգություն է հայտնվում, որ ռազմագերիները և բռնի պահվող այլ անձինք` ներառյալ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների։
Բանաձևով կոչ է արվում Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին՝ ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի սանձազերծած վերջին 44-օրյա պատերազմի վերաբերյալ երկրորդ բանաձևն է, որն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհուրդը։ Առաջին՝ «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» բանաձևը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունվել է 2020թ․ հոկտեմբերի 22-ին։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: