Համավարակի պատճառով մի շարք երկրներում աճել է մեռելածնության թիվը, ինչպես նաեւ մեծացել են մայրական մահացության ցուցանիշները: Սա ցույց է տվել այսօրվա դրությամբ ամենալուրջ վերլուծությունը, որը հրապարակվել է The Lancet Global Health-ում:
Մասնագետների խոսքով՝ հղիների եւ նորածինների վրա COVID-19 համավարակի բացասական ազդեցությունը չի սահմանափակվում բուն ինֆեկցիայի հետ կապված հիվանդացությամբ եւ մահացությամբ: Լոքդաունները եւ առողջապահության համակարգերի գերծանրաբեռնվածությունը եւս իրենց ավանդն ունեն:
Գիտնականները նոր ամփոփման մեջ վերլուծել են 2020 թվականի հունվարից 2021 թվականի հունվար 17 երկրներում 6 մլն հղիների ընդգրկած 40 հետազոտություններով ստացված տվյալները: Հետազոտությունները, որոնք առնչվում էին բացառապես SARS-CoV-2 ինֆեկցիայի ազդեցությանը, այս վերլուծության մեջ չեն մտել: Սա հղիության ելքի վրա համավարակի անմիջական ազդեցության առաջին գլոբալ գնահատականն է:
12 հետազոտությունների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ մինչեւ համավարակը ցուցանիշների համեմատությամբ մեռելածնության հաճախությունը 28 տոկոսով մեծացել է, հայտնում է Medportal.ru-ն: Մայրական մահացության հետազոտությունները, որոնք նոր ամփոփման մեջ ներառված են, անցկացվել են միջին եկամտով երկու երկրներում՝ Մեքսիկայում եւ Հնդկաստանում: Այնտեղ 2020 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, մայրական մահացությունը աճել է շուրջ մեկ երրորդով:
Երեք հետազոտություններ ցույց են տվել, որ համավարակի ֆոնին արտաարգանդային հղիության վիրահատությունների թիվը գրեթե 6 անգամ ավելացել է: Վաղ ախտորոշման դեպքում այս վիճակը կարելի է բուժել դեղորայքով: Վիրաբուժական միջամտությունների թվի մեծացումը կարող է ցույց տալ, որ համավարակի պատճառով կանայք սկսել են օգնության ուշ դիմել:
Վաղաժամ ծննդաբերության եւ հղիության ժամանակ բարդությունների (օրինակ՝ գեստացիոն դիաբետի) թիվը համավարակի ժամանակ չի փոփոխվել: Դրանից բացի, այս ժամանակահատվածում մանկաբարձները սկսել են ավելի հաճախ կիրառել կեսարյան հատումը եւ ծննդաբերության խթանումը:
news.am