ԳՇ պետ Արտակ Դավթյանի մտքերի փայլատակումը
Advertisement 1000 x 90

ԳՇ պետ Արտակ Դավթյանի մտքերի փայլատակումը

Նիկոլ Փաշինյանի սրտի ԳՇ պետ, այդ պաշտոնը Փաշինյանի զոռբայությամբ վերստին զբաղեցրած Արտակ Դավթյանը բավական հետաքրքիր մտքեր է արտահայտել այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ շփման ժամանակ՝ «Եռաբլուր» պանթեոնում։

Պատմության մեջ, թերեւս «խոնարհ հարս» անունով մնալու հավակնություն ունեցող Արտակ Դավթյանը հրաժարվել է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե թե պետք է վերանայենք մեր կեցվածքը տրածաշրջանի պետությունների, այդ թվում Թուրքիայի նկատմամբ։ Նա բավական լակոնիկ կերպով ասել է՝ «Վարչապետի ասածները ԳՇ պետը չի մեկնաբանում»։

Դե իհարկե, եթե մեկնաբանող լիներ, հաստատ առաջին բավական խայտառակ պաշտոնանկությունից հետո, երկրորդ անգամ չէր նույն պաշտոնին նշանակվի։ Փաստորեն, ԳՇ պետը կարող է կարանտինային արգելքները, որոնք նույն վարչապետն էր հաստատել, մի կողմ դնել եւ բազմամարդ հարսանիք կազմակերպել, բայց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին ԳՇ պետը չի կարող կարծիք արտահայտել։ Ինչպիսի հնազանդություն, ինչպիսի խոնարհություն․ պատահական չասացինք՝ իսկական «խոնարհ հարս»։

Բայց սա ամբողջը չէ։ Նա չի մեկնաբանել նաեւ այն, թե արդյոք հայկական կողմը «Իսկանդեր» կիրառել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում թե ոչ։ Արտակ Դավթյանը հայտարարել է․ «Ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ հրապարակման ենթակա չի»: «Իյո իրո՞ք»,- կասեր շախմատի մեծն գրոսմայստեր դասականը։

Բայց էլ ում է պետք Արտակ Դավթյանի մեկնաբանությունը՝ հաստատումը կամ հերքումը, եթե Բաքուն ցուցադրում է «Իսկանդերի» մնացորդները հանրայնորեն, ու շեշտում՝ «Իսկանդերի» արձակված հրթիռն ամբողջությամբ պայթել է:

Հիմա էլ մեկնաբանելու հերթը ոչ թե Արտակ Դավթյանինն է, այլ Ռուսաստանինը, որը նույնպես հայտարարել էր, որ «Իսկանդեր» չի կիրառվել, ինչպես եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «10 տոկոսանոց պայթած «Իսկանդերների»» սկանդալի օրերին։ Իսկ թե մնացած մասով՝ ռեգիոնում ինչ լարվածություն կա եւ այլն, ցանկացած 2-րդ կուրսի քաղաքագիտության բաժնի ուսանող դա Արտակ Դավթյանից ավելի լավ է պատկերացնում, այդ առումով, նրա կարծիքը կարելի է ասել, ընդհանրապես հետաքրքիր չէ։



Նման նյութեր