Զարմացնել ու միշտ ներկայանալ նորովի՝ սա դարձել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի սկզբունքը: Երեկ Անահիտը հանրությանը ներկայացավ ոչ միայն նոր կերպարով, այլեւ՝ նոր ձեւաչափում: Երգող դերասանուհին, ինչպես ինքն է իրեն անվանում, թողարկել է նոր տեսահոլովակ՝ «Позови меня с собой» ռուսական հայտնի երգի հիման վրա, բայց հատկանշական է, որ այն երգել է հայերեն տարբերակով:
Իր նոր ոգեշնչման մասին Անահիտը խոսել է NEWS.am STYLE-ի հետ:
Դերասանուհի-երգչուհին նշեց, որ նման ձեւաչափով ներկայանալու գաղափարը ծնվել է դեռեւս մեկ տարի առաջ.
«Տեքստի հեղինակն ամբողջությամբ ես եմ: Այն կարելի է համարել կիսաթարգմանություն, կիսահեղինակային՝ կան տողեր, որոնք բառացի թարգմանել եմ, եւ այնպիսիք, որոնք ես եմ հորինել: Նպատակը հենց եղել է այն, որ ցույց տամ նաեւ իմ այդ կողմը, որովհետեւ 17 տարեկանից գրում ու ստեղծագործում եմ»:
Ալլա Պուգաչովայի հայտնի երգն Անահիտը կատարել է մի փոքր այլ տարբերակով՝ հիմնվելով երգի նոր քավրների վրա.
«Այս երգի քավր տարբերակները լսել էի երկու երգիչների կատարմամբ ու շատ էի հավանել. մեկը Tsoy-ի կատարումն է, մյուսը՝ Palina-ի, եւ այդ երգն անդադար իմ մեջ պտտվում էր, ու մտածեցի, որ անպայման այս երգի համար պետք է գրեմ հայերեն տեքստ, որովհետեւ այս տարբերակը շատ իմն էր ու շատ հոգեհարազատ»,-ասաց նա՝ շարունակելով,-«Իհարկե, գիտակցում եմ, որ նմանատիպ երգերը կոմերցիոն չեն եւ շատ դիտումներ չեն կարող հավաքել, որովհետեւ պարային չեն, ռիթմիկ չեն, հումորային չեն եւ ամեն մեկը չի սիրի այս ոճը, բայց, միեւնույն է, ես շատ էի ցանկանում այս երգը ներկայացնել. հարցը դիտումների մեջ չէ, կուզեի, որ ինձ բացահայտեին նորովի ու նոր կողմից, որովհետեւ թեեւ ես հումորային ժանրում եմ ներկայացել, իրականում իմ հոգու խորքում շատ չբացված պատուհաններ կան, որոնք ուզում էի բացել»:
Ամբողջությամբ՝ style.news.am