Նախօրեին տրված հայտարարությանը ավելացնելու ոչինչ չունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանն՝ անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի այն հայտարարությանը, որ գերիների վերադարձ նախօրեին պլանավորված չի եղել եւ նման տեղեկություն տարածելը եղել է պրովոկացիա, բնակչությանը մոլորության մեջ գցելու նպատակ է ունեցել։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր, որ գերիներ են վերադառնում Ադրբեջանից, սակայն թիվ չէր նշվել։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ օդանավը եկել է Երեւան առանց գերիների: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։