«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Վարդուշի տունը վերանորոգվել է ու վերածվել թանգարանային ցուցասրահի: Նախաձեռնությունը «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամինն է, որը Գյումրիի պատմական կենտրոնում 4 թանգարան ու թանգարանային ցուցասրահ ունենալու ծրագիր է ներկայացրել: Դրանցից առաջինը Վարդուշի տունն է, որտեղ այսօր մշտական ցուցադրության է ներկայացվել «Հայուհիներ» խորագիրը կրող հավաքածուն: Այն ներառում է 16-19 դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։
Տերյան 25 հասցեի տունը մեկն է Գյումրիի հին ու ընդհանուր բակով տներից: Այն հայտնի դարձավ 1984 թվականից հետո, երբ այստեղ նկարահանվեցին «Մեր մանկության տանգոն» ֆիլմի դրվագները: Այցելուները թանգարանային ցուցասրահի առաջին սենյակում դիտում են հայտնի ֆիլմի այս տանը նկարահանված դրվագները:
«Փորձեցինք կոնցեպտուալ երկու կապ գտնել կինոնկարի՝ «Մեր մանկության տանգո»-յի հետ, որտեղ կար երկու կանանց դրամատիկ պայքար՝Վարդանուշի և Սիրանուշի: Որոշեցինք երկու սենյակները բնակելի այս տան նվիրել «Հայուհի» խորագրով ցուցադրությանը»,-SHANTNEWS-ին ասել է «Գյումրի 20/25 » բարեգործական հիմնադրամի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Մշտական ցուցադրությանը ներկայացված են հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ, որոնք տարիներ ու նույնիսկ դարեր առաջ հեղինակել են օտարազգի նկարիչներն ու լուսանկարիչները: Ամենահին թվագրության ցուցանմուշը 1500-ական թվականներին է արվել՝ Վենետիկում:
Ամբողջությամբ՝ shantnews.am