Դանիան լրիվ կասեցրել է AstraZeneca-ի օգտագործումը
Advertisement 1000 x 90

Դանիան լրիվ կասեցրել է AstraZeneca-ի օգտագործումը

Դանիայի իշխանությունները որոշել են կասեցնել AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը՝ թրոմբի առաջացման վտանգի պատճառով։ Դա առաջին եվրոպական երկիրն է, որ այդ պատվաստանյութի օգտագործումն արգելել է բնակչության բոլոր խմբերի համար։

Դանիական իշխանությունների պնդմամբ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ պրեպարատով պատվաստվելուց հետո թրոմբներն ավելի հաճախ են ի հայտ գալիս։ AstraZeneca պատվաստանյութի 2,4 մլն դոզա դուրս կբերվի շրջանառությունից։

Դանիայի առողջապահության վարչության ղեկավար Սորեն Բրոստրյումը նշել է, որ դա դժվար որոշում էր, բայց Դանիան ուրիշ պատվաստանյութեր էլ ունի, իսկ համաճարակն այս պահի դրությամբ վերահսկվում է։ Ներկա դրությամբ Դանիայում պատվաստվել է առնվազն մեկ միլիոն մարդ, որոնցից 150 հազարը՝ AstraZeneca-ով։ Այդ երկրում կիրառվում են նաև Pfizer/BioNTech և Moderna պատվաստանյութեր։

Բրիտանիայում, որտեղ պատվաստման ծրագիրը չափազանց հաջող է ընթանում, AstraZeneca-ի օգտագործումը չի դադարեցվել, սակայն իշխանությունները որոշել են այլընտրանք առաջարկել (Pfizer/BioNTech և Moderna) 30-ից ցածր տարիք ունեցողներին։

Երեքշաբթի ԱՄՆ-ը, Կանադան և Եվրամիությունը նույնպես դադարեցրել են  Johnson & Johnson դեղագործական ընկերության մշակած պատվաստանյութի կիրառումը նույն՝ անոթների խցանման սպառնալիքի պատճառով։ Նրանց օրինակին է հետևել նաև Հարավային Աֆրիկան՝ չնայած նրան, որ Johnson & Johnson-ի պատվաստանյութը ավելի արդյունավետ է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամմի դեմ։ Երկու դեպքում էլ պատվաստումից հետո թրոմբների առաջացումը շատ հազվադեպ կողմնակի հետևանք է։

Փոխանցում է BBC-ն։