Արսեն Սաֆարյանի 18-ամյա դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, օրերս զարմացրեց իր հետեւորդներին ու երգչի երկրպագուներին՝ տեղադրելով Սոնա Ռուբենյանի` «Ապրելու չափ համառ» երգի իր cover տարբերակը: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Էլենը ժառանգել է հայրիկի՝ երգելու տաղանդը, իսկ, թե ինչպես որոշեց հենց այս շրջանում ցուցադրել իր կարողությունները, ինչպես է հայրն ընդունել իր որոշումն ու, արդյոք, պատրասվում է սկսել երգչուհու կարիերա՝ NEWS.am STYLE-ը պարզել է նրանից:
Էլենն ասում է, որ մանկուց է հասկացել, որ երգն իր կյանքի անբաժան մասն է դառնալու: Նա ավարտել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որտեղ ունեցել է թե՛ վոկալի դասեր, թե՛ հաճախել է սոլֆեջիոյի։ Էլենը սովորել է նաեւ դերասանական վարպետություն, երգի ոճաբանություն եւ բեմական կեցվածք։
«Կարելի է ասել՝ կողքից միշտ են խորհուրդ տվել, եւ իմ ցանկությունն է եղել նաեւ, անպայման, երգել ու շարունակել զբաղվել երգով, ուղղակի ես եւ հայրս գտանք, որ հիմա է ճիշտ ժամանակը որեւէ քայլ անելու»,-պատմում է նա:
Անդրադառնալով Սոնա Ռուբենյանի երգի ընտրությանը՝ Էլենը նշեց.
«Հայերեն երգեր, առհասարակ, քիչ եմ լսում, քանի որ ավելի շատ սիրում եմ արտասահմանյան pop եւ RnB ժանրերը։ Կան 5 արտիստներ, այդ թվում նաեւ հայրս, որոնց երգարվեստով հիանում եմ եւ լսում իրենց երգերը՝ Սոնա Ռուբենյան, Սիրուշո, Իվետա Մուկուչյան եւ Հայկո։ Իսկ «Ապրելու չափ համառ» երգը, առհասարակ, իմ ամենասիրելի երգերից է»։
Ամբողջությամբ՝ news.am