Պատերազմի ամենածանր օրերին Բաբայանի զորամասերի վրա ծախսվել է 300 մլն դրամ, իսկ նրանք հրաժարվել են մասնակցել ռազմական գործողությունների
Advertisement 1000 x 90

Պատերազմի ամենածանր օրերին Բաբայանի զորամասերի վրա ծախսվել է 300 մլն դրամ, իսկ նրանք հրաժարվել են մասնակցել ռազմական գործողությունների

Օրերս Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ կան գործիչներ, ովքեր պնդում են, թե ինքը ինչ որ գործողություն «պռավալ է տվել». «Ես ամսի 5-6-ը նախաձեռնել եմ Շուշիի օպերացիան, որ չկարողանան անցնել Շուշի, բայց գիշերվա 2-ին տվյալ զորամասերը հրաժարվել են մասնակցել դրան՝ ինչ-ինչ պատճառներով: Դա էլ է վարույթում ներկայացված, վիդեոն էլ, թե ինչ խորհրդակցություն ենք անցկացրել, ովքեր են ներկա, ով է հրաժարվել և այլն»,- ասել էր Սամվել Բաբայանը:

Բաբայանի այս հայտարարությունից հետո Արցախի կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ  նշած զորամասերը ձևավորվել է հենց Սամվել Բաբայանը: Ավելին, պատերազմի ամենածանր օրերին այդ զորամասերի հանդերձավորման վրա ծախսվել է ավելի քան 300 մլն դրամ: Գործողությունը, որը պետք է խանգարեր ադրբեջանցիներին մտնել Շուշի, պետք է տեղի ունենար նոյեմբերի 5-ի լուսադեմին: Գործողությանը պետք է մասնակցեր այլ զորախումբ ևս: Նշված զորախումբը եղել է տեղում, բայց Բաբայանի  ձևավորած  զորամասերը չեն եղել իրենց համար նախատեսված դիրքերում: Գործողությունն այդ պատճառով ոչ միայն տապալվել է, այլև իրենց նշանակված դիրքեր հասած երրորդ խումբը դժվարությամբ է դուրս եկել շրջափակումից:

Երեկ 5-րդ ալիքի եթերում այս զորամասերի մասին որոշակի բացահայտումներ արեց նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը. «Բոլոր դեպքերում Սամվել Բաբայանը պատերազմի ընթացքում հասցրել է իր ցանկությունն իրականություն դարձնել և թիկունքում ձևավորել է մի քանի ստորաբաժանում,  ընդ որում՝ այդ զինվորներին հանելով առաջնագծից: Եթե առիթ ունենաք՝ Բաբայանին հարցրեք, թե քանի փամփուշտ է կրակել նրա ստորաբաժանումներից և որտեղ են խնդիր կատարել: Ես կարող եմ փաստել, որ մեծ վնաս են հասցրել առաջին գծի ստորաբաժանումները: Ստորաբաժանումները ձևավորվել են թիկունքում, բայց որևէ խնդիր չեն կատարել, փորձել են Շուշիի օպերացիայի ժամանակ կիրառել, բայց հրաժարվել են կատարելուց»,-հայտարարեց Հակոբյանը:

Հ.Գ. Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի գրասենյակի հետ կապ հաստատել չհաջողվեց, որպեսզի թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ ստանայինք: Պատրաստ ենք հրապարակել նաև իրենց տեսակետը:

politik.am



Նման նյութեր