Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի մասին երկրի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերում Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք չկա:
Երեքշաբթի օրը Ալիևը սպառնաց Երևանին, որ «Զանգեզուրի միջանցքը կիրականացնեն՝ ուզի Հայաստանը, թե ոչ, եթե Հայստանը ցանկանա, ավելի հեշտ կլուծեն այս հարցը, եթե չի ցանկանա, դա կլուծեն ուժով»։
Հայաստանի արտգործնախարարությունը Ալիևի հայտարարությունները և Զանգեզուրի միջանցքի հիմնախնդրի ուժային լուծման հնարավորությունը որակել է ոտնձգություն երկրի տարածքային ամբողջականության դեմ:
«Ապրիլի 20-ին կայացած հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել է Հայաստանում Ադրբեջանի դեմ հնարավոր ռևանշիզմի և մեր տարածքային ամբողջականությանը հնարավոր սպառնալիքների մասին, քանի որ դա ազգային անվտանգության խնդիր է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ը ներկայացուցիչը Ռիա Նովոստիին։
«Սա սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես պնդում է ՀՀ ԱԳՆ-ն, այլ մեր վճռականության ցուցանիշն է` պատասխանել Հայաստանից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիքին», – ասում է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, հավելելով, թե Ալիևը նաև ասել է, որ «Ադրբեջանը պատրաստ է համագործակցության»։