Ագարակ համայնքի վարչական ղեկավար Գեւորգ Առաքելյանը տեղյակ չի եղել, որ այսօր՝ ապրիլի 21–ին, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն իրենց համայնք։ NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ երբ բնակիչներն իմացել են՝ Փաշինյանն այցելում է համայնք, որոշել են գնալ ու իրենց հուզող հարցերը տալ վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները չեն թողել, որ նրանք մոտենան վարչապետին ու իրավիճակը լարվել է։
«Մեր ժողովուրդը, որ իմացավ գալու է, հավաքվեցին հարցեր տալու, կապված միջանցքի եւ երկրի իրավիճակի վերաբերյալ, բայց իր անվտանգության աշխատակիցների կողմից հրմշտոց սկսվեց։ Ինքը ժողովրդի հարցերին չպատասխանեց։ Մենք նամուսով ու թասիբով մարդիկ ենք, իր պահվածքը շատ վատ եմ գնահատում, կարելի էր չէ՞ նստել ու բնակիչների հետ խոսել, բացատրել, ասել՝ ժողովուրդ, միջանցք չէ, ճանապարհ է, ընթացակարգով է ամեն ինչ լինելու, տամոժնի է լինելու, կամ ինչ–որ մի բան ասեր, ժողովրդին հանգստացներ, հասկացանք պարտվել ենք, բայց միայն կապիտուլյացիա ստորագրելով չի չէ՞, ոչ թե քմծիծաղ տալով գան ու գնան։ Առաջին անգամ եմ նման բան տեսնում։ Մեր Ագարակը շատ խաղաղ է, այսքան ժամանակ Ագարակից ինչ–որ ըմբոստության մասին լսե՞լ եք, չեք լսել»,– ասաց Ագարակ համայնքի վարչական ղեկավարը։
Ըստ Գեւորգ Առաքելյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ Ագարակ այցելած մյուս պաշտոնյաները ցանկացել են գնալ գերեզմանոց, սակայն 44–օրյա պատերազմում զոհվածների հարազատները թույլ չեն տվել ու փակել են ճանապարհը եւ վարչապետը ստիպված է եղել հեռանալ։
Նշենք, որ այսօր Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։
Նախօրեին՝ ապրիլի 20-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ Փաշինյանի խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։
Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։
Ամբողջությամբ՝ news.am