Ռուսական ավիաընկերությունները կանոնավոր չվերթերի թույլտվություն են ստացել 15 երկրի ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոսավիացիային։
Ավիաընկերությունները կկարողանան թռիչքներ իրականացնել դեպի Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Հորդանան, Չինաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Մարոկկո, Սերբիա, Սլովենիա, Թաիլանդ, Խորվաթիա, Մոնտենեգրո, ինչպես նաև Կիպրոս և Մալդիվյան կղզիներ:
Մասնավորապես «Աերոֆլոտ» խմբի ավիաընկերություններին թույլատրվել է Կիպրոսի ուղղությամբ կանոնավոր չվերթեր իրականացնել շաբաթական մինչև յոթ անգամ:
«Պոբեդա» ավիաընկերությունը կարող է դեպի Լառնակա թռիչքներ իրականացնել Չելյաբինսկից, Կազանից, Պերմից և Եկատերինբուրգից ։ Փոխադրողին թույլատրվել է դեպի Գյումրի (Հայաստան) թռիչքներ իրականացնել Մինվոդիից, Սոչիից և Կրասնոդարից՝ շաբաթական մինչև յոթ անգամ:
«Ուրալյան ավիաուղիները» շաբաթական մինչև երեք անգամ չվերթերի թույլտվություն է ստացել Հայաստանի, Ադրբեջանի, Հորդանանի և Կիպրոսի ուղղությամբ: Փոխադրողը կկարողանա Բաքվի ուղղությամբ թռիչքներ իրականացնել Վորոնեժից, Օմսկից և Իրկուտսկից, Երևանի ուղղությամբ՝ ՌԴ 14 քաղաքներից (Բելգորոդ, Իրկուտսկ, Կեմերովո), Գյումրու ուղղությամբ՝ Վորոնեժից և Վոլգոգրադից, ինչպես նաև Ակաբայի ուղղությամբ՝ Պետերբուրգից, Կազանից, Եկատերինբուրգից և Ժուկովսկիից։