Life.panorama.am-ը դերասան Հայկ Աֆրիկյանից հետաքրքրվել է էկրանային լռության պատճառների ու առաջիկա ծրագրերի մասին:
«Նախ խոսելով 2016-ի ընթացքում էկրանային պասիվությանս մասին` պետք է ասեմ, որ դա ունի մի քանի պատճառներ: Առաջնային պատճառներից մեկն այն է, որ զբաղված եմ իմ դերասանական ստուդիայի աշխատանքներով, որտեղ նաև դասավանդում եմ: Չեմ թաքցնի` երեխաները գրավել են ողջ ուշադրությունս, որոնց հետ շփվում ենք թե պրոֆեսիոնալ, թե ընկերական եզրերով: Բացի այս, ցավով պետք է նշեմ, որ այսօրվա սերիալները չեն փայլում իրենց որակով և դա մեծամասամբ արդյունքն է նրա, որ նկարահանվում են ոչ պրոֆեսիոնալ ու դերասանական արվեստից հեռու մարդիկ. այսօր շատերը չեն ուզում սովորեն, ուզում են միանգամից հայտնի դառնան, ինչը հաստատ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ որևէ կապ չունի: Ես հարգում եմ իմ աշխատանքն ու ինքս ինձ, և փորձում եմ գնահատել գործս ու իմ ընտրած արվեստը: Ցավոք, այսօր մարդիկ արվեստին առօրյա, կենցաղային աչքերով են նայում, բայց չէ որ արվեստը շատ ավելիին է արժանի»,- նշեց դերասանը:
Հարցին, թե նրա համար առաջարկներ ստանալիս ի՞նչ դեր ունի ֆինանսական կողմը, պատասխանեց.
«Իհարկե, դա շատ կարևոր հարց է: Ցավոք, այսօր կան մարդկանց մի խումբ, ովքեր պատրաստ են անվճար կամ շատ չնչին գումարով նկարահանվել, բայց այդպես դերասանի դերը աշխատանքում ցածրանում է: Իհարկե, հարցը բնավ գումարը չէ, գումարով չի չափվում դերասանի գինը, բայցև դերասան ասվածի արժեքը չպետք է ցածրացվի: Այնպես չէ, որ ես շատ թանկ վարձատրվող դերասան եմ, ինքս ինձ չեմ գերագնահատում կամ վեր դասում, պարզապես այս հարցի շուրջ, կարծում եմ, շատ դերասաններ ինձ հետ կհամաձայնեն»:
Վերջին շրջանում Հայկ Աֆրիկյանին հեռուստադիտողը տեսնում է Հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» նախագծում, հետաքրքրվելով, թե հատկապես ի՞նչն է դերասանին գրավել այս առաջարկն ընդունելու հարցում, պատասխանեց.
«Այս հարցին պատասխանելիս կնշեմ, թե այստեղ ինչերի չհանդիպեցի. «Կյանքը շարունակվում է» նախագծում ես չհանդիպեցի ոչ պրոֆեսիոնալ դերասանական կազմի, այստեղ շատ զուսպ ու կոկիկ է ամեն բան: Նման անձնակազմի հանդիպել եմ նաև «Անուրջներ» հեռուստասերիալում: Երբ կա լավ ու միմյանց հանդեպ հարգալից թիմ, ուրեմն աշխատանքիդ հաջողությունը ապահովված է»:
«Կյանքը շարունակվում է» նախագծի թեման քննարկելով` Հայկը նկատեց .
«Եթե սերիալներում դերասանը ունի երկար ժամանակ իր կերպարին ադապտացվելու, այն զարգացնելու համար, ապա այստեղ դերերդ շատ հաճախ եմ փոխվում ու դերասանը պետք է հասցնի կարճ ժամանակում տարբեր կերպարներ կերտել: Չեմ հերքի, հետաքրքիր է աշխատելը նաև այս տեմպով, թեև ոչ պակաս հետաքրքիր է, երբ սերիալներում երկար ժամանակ ես տրամադրում կերպարիդ զարգացմանը: Այս նախագծում ինձ շատ է դուր գալիս նաև նկարահանման որակը, որը մոտեցված է գեղարվեստական ֆիլմի օրինակին, այստեղ ուշադրություն է դարձվում ամեն մանրուքի` սկսած հագուստից, մինչև ճիշտ լուսավորություն, հետևում են, որ գեղագիտական կողմը պահպանվի, որպեսզի հեռուստադիտողին մաքսիմում հաճույք պատճառվի ու ներգրավվի մանրապատումների մեջ»:
Խոսելով Ամանորը անցկացնելու իր տարբերակներից`դերասանը հիշեց հայտնի տողերը.
««Ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ այն չէ»` հաճախ եմ հիշում այս տողերը: Գիտեք ամեն տարի ուզում եմ առաջվա ոգևորությամբ տոները նշել, բայցև զգում եմ, որ ամեն տարի էլ ավելի է մի բան կոտրվում աշխարհում: Գնալով մի բան փոխվում է, գուցե մեծանում ենք ու դրա համար տոները չի ոգևորում, չգիտեմ: Կցանկանամ, որ մարդկային հոգու լիությունը, ջերմությունն ու նվիրումը կյանքին շատանա: Հայերիս առավելությունը ջերմությունն է, բայց զգում եմ, որ գնալով մի բան պակասում է: Ինչևէ, փոքր բաներից էլ աշխատում եմ գոհանալ ու ուրախանալ, չէ որ շատերը դա էլ չունեն: Ինչ վերաբերվում է 2017-ի նկատմամբ սպասումներիս` սիրում եմ ամեն ինչ Աստծուն հանձնել, թող ամեն բան լինի Աստծո կամոք: Նախապես շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ուզում եմ գալիք տարում մարդիկ գործեն սրտով, թողնեն, որ սիրտն ու հոգին աշխատեն միասին, չլսեն մտքին, որովհետև մտքում չարությունը շատ է: Բոլորին առողջություն, երջանկություն ու խաղաղություն»,- զրույցն ավարտեց Հայկ Աֆրիկյանը: