Տեղեկացվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին:
Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը, որը 2006թ. ստորագրվել էր մյուս մասնակից երկրների կողմից, խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:
Պաշտոնյան նաև հայտնել է, որ պայմանագիրը թարմացվել է 8 գործընկեր երկրների կողմից և որևէ նոր գործընկեր երկիր չի ավելացել:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար:
5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների նախագիծը համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին։
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ Թուրքիան պետք է S-400 համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: