ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելու է ՄԻԵԴ՝ իր՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը վիճարկելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ ապրիլի 13-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:
Հիշեցնենք, որ Զոհրաբյանը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացվել էր դեկտեմբերի 29-ին՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ:
Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կա ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքը, որը փաստում է՝ ՍԴ-ն կողմնակալ որոշում է կայացրել.
«ԱԺ-ն իրավունք չուներ ֆեյսբուքյան գրառման համար նման բան անել, ԱԺ թե՛ կանոնակարգը, թե՛ սահմանդրությունը նման լիազորություն չի տալիս: Դա եղել է քաղաքական որոշում, նրանք կատարել են Նիկոլ Փաշինյանի անձնական հաշվեհարդարն իմ հանդեպ: Ես անպայման դիմելու եմ ՄԻԵԴ և ապացուցելու եմ, որ ես ճիշտ էի, Նիկոլը՝ սխալ:
Ինձ համար կարևոր է, որ եվրոպական բարձրագույն դատարանն արձանագրի, որ Հայաստանում քաղաքական հաշվեհարդարները, քաղաքական հետապնդումներն օրվա իշխանության այլախոհների և ընդդիմախոսների համար շարունակվում են: Ինձ լռեցնել հնարավոր չէ, ես մինչև վերջ գնալու եմ։ Խորհրդարանական մեծամասնությունը, որոնք նախաձեռնել են այս խայտառակ սահմանադրական ակտը, ենթարկվելու են պատասխանատվության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-ասաց պատգամավորը:
Հարցին՝ թե ՄԻԵԴ որոշումը ի՞նչ ազդեցություն կունենա ՍԴ որոշման վրա, պատգամավորն ասաց.
«Ինձ դա հետաքրքիր չէ։ Ես ցանկանում եմ ապացուցել, որ Հայաստանում օրվա իշխանությունը քաղաքական հաշվեհդարդար է տեսնում ընդդիմախոսներից»:
Դիտարկմանը, որ օրեր առաջ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, թե սյունեցիներին «ստորացնելով պետք է բերման ենթարկել», սակայն իշխանական պատգամավորների կողմից որևէ արձագանք չեղավ, Զոհրաբյանն ասաց.
«Ոչ միայն դրան արձագանք չեղավ, արձագանք չի եղել նաև Նիկոլ Փաշինայնի գռեհիկ հայտարարություններին՝ «վնգստացող, շնաբարո դուրսպրծուկներ»: Ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնությունն իրեն թույլ է տալիս օգտագործել ցանկացած լեկսիկոն, իսկ ընդդիմադիրների նկատմամբ կիրառում են ամենաանընդունելի հակասահմանադրական գործիքները»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: