Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հանդես կգան համերգի ընթացքում, որն ուղղված է COVID-19-ի դեմ պատվաստումների հասանելիության մեծացմանը, հայտնում է BBC News-ը։ Սասեքսի դուքսն ու դքսուհին կմիանան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ջենիֆեր Լոպեսին, Բեն Աֆլեքին, Քրիսի Թեյգենին եւ բազմաթիվ այլ աստղերի «Global Citizen’s Vax Live: The Concert to Reunite the World» բարեգործական համերգի ընթացքում։
Միջոցառման ուղիղ հեռարձակումը, որը տեղի կունենա մայիսի 8-ին, անց կկացնի դերասանուհի եւ երաժիշտ Սելենա Գոմեսը։ Կենդանի լսարանը կազմված կլինի առաջնագծի պատվաստված աշխատակիցներից։
Սպասվում է, որ Սասեքսները հանդես կգան պատվաստանյութերի գլոբալ հավասարության կարեւորության ուղերձով, ասված է մամուլի հաղորդագրությունում։ Զույգը կգլխավորի նաեւ պատվաստնյութերի համատեղ օգտագործման COVAX նախագծի շտաբը, որի շրջանակներում հարուստ երկրները կիսվում են դեղամիջոցների ավելորդ դոզաներով եւ դեղագործական ընկերություններին խրախուսում են պատվաստանյութեր տրամադրել աղքատ երկրների ոչ կոմերցիոն գներով։
«Վերջին տարվա ընթացքում մեր աշխարհը վերապրել է ցավ, կորուստներ ու պայքարել է միասին։ Հիմա մեզ հարկավոր է առողջանալ ու բուժվել միասին։ Մենք չենք կարող ոչ ոքի թողել։ Բոլորս կհաղթենք, բոլորս անվտանգ կլինենք, երբ ամենուր պատվաստման հավասար հասանելիություն լինի։ Մենք պետք է պատվաստանյութերի բաշխման արդարության հասնենք եւ դրանով վերականգնենք հավատը մեր մարդկության նկատմամբ։ Այս առաքելությունը չի կարող ավելի կարեւոր լինել»,- ասված է Հարիի ու Մեգանի հայտարարության մեջ։
news.am