Եթե մենք գայլ ենք, իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են․ այս մասին «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցազրույցը կհեռարձակվի շուտով՝ ArmNews TV-ի եթերում:
«Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի»,ասել է նա։
ՀՀ երրորդ նախագահը անդրադարձել է նաև հարցին՝ թե ինչու է իր հրաժարականի տեքստում ասել՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։
Սերժ Սարգսյանը նաև պատմել է, որ իր հրաժարականի տեքստը կարդալուց հետո Կարեն Կարապետյանը խնդրել է մի հատված հանել։
Հիշեցնենք, որ Մհեր Մկրտչյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երրորդ նախագահը խոստացել է իր հետ զրուցել 2018թ. ապրիլյան իրադարձությունների մասին։
Ֆիլմի պրեմիերայից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:
Ես եմ հրավիրել, ես եմ փոխանցել հրավիրատոմսը ու դիմավորել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:
Ֆիլմում իմ ստեղծած կերպարներից մեկն էլ նախագահի կերպարն է, և ես ունեի հնարավորություն ֆիլմը դիտելու ընթացքում հարցեր տալու նրան:
Իսկ հարցերը նոր հարցեր ծնեցին: Պայմանավորվեցինք խոսել ֆիլմի մեջ տեղ գտած իրականի և ոչ իրականի մասին, ֆիլմի իշխանության և իրական իշխանության մասին: Ու ոչ միայն՝ 2018-ի մասին, մարդկանց մասին… ես ունեմ հարցեր, մենք բոլորս ունենք հարցեր…
Նկարահանելու ենք մեր զրույցը: Ես լրագրող չեմ, մեր զրույցը էդ տեսանկյունից կլինի ոչ պրոֆեսիոնալ, բայց անկեղծ»։